Рейтинг@Mail.ru
USD
364.26
EUR
422.18
RUB
4.2019
GEL
138.9
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, հանդիպման օրակարգում երկաթուղին և ներդրումներն են

Այսօր, 11:27
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկաթուղու զարգացումը մանրամասն քննարկելու համար
Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, հանդիպման օրակարգում երկաթուղին և ներդրումներն են

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ երկաթուղու զարգացումն ու ենթակառուցվածքներում ներդրումները մանրամասն քննարկելու համար։

«Մենք պայմանավորվեցինք երկխոսություն վարել հանգիստ ռեժիմով, Նիկոլ Վովաևիչն առաջարկեց խիստ վերլուծություն անցկացնել մեր ուղղություններից յուրաքանչյուրով։ Ես նրան հրավիրեցի Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ նրա հետ երկուսով, ինչպես նաև նրա և մեր մասնագետների հետ անդրադառնանք յուրաքանչյուր կետի», - ասել է Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Կոնկրետ հարցերի թվում նա նշել է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումը։

«Կան կոնկրետ հարցեր՝ երկաթուղին, դրա զարգացման հարցը։ Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են փոխադրումների ծավալից։ Կան փոխադրումների ծավալներ՝ կլինեն ներդրումներ, մերը կամ ցանկացած այլ, չկան փոխադրումների ծավալներ՝ ներդրումներ չեն լինի», - հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է փոխվել նոր տրանսպորտային ուղղությունների բացման դեպքում։

«Պատերազմի հետ կապված հարցերի դադարեցումից հետո, հնարավոր է, սա այլ կերպ ընթանա, սահմանները բացվեն Թուրքիայի հետ, այլ ուղղություններով, և եթե բեռնաշրջանառություն առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած ոք, Ռուսաստանը կարող է», - ասել է Պուտինը։

Նախօրեին Բիշքեկում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում բազմաթիվ ռուսական ընկերություններ հաջողությամբ աշխատում են, սակայն կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք մնում են ոչ շահութաբեր և չեն զարգանում։ Ինչպես կարծում է Փաշինյանը, նման ընկերությունների հետ կապված իրավիճակը անհրաժեշտ է քննարկել, քանի որ այն խնդիր է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Հայաստանի ծրագրերի մասին ՀԿԵ-ի վերաբերյալ

2026 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար բարեկամ երկրին, մասնավորապես Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:

Նա նաև հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև երկաթուղային հաղորդակցությունը կազմակերպել Հայաստանը շրջանցելով՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:

Հուլիսի 30-ին Փաշինյանը հնարավոր էր համարել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում Ռուսաստանին 2 մլրդ դոլարի չափով ֆինանսական պահանջներ ներկայացնելը: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավունք ունի օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

Ավելի ուշ՝ նույն օրը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է հետևել կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է կատարված ներդրումների վերադարձ:

Ռուսական կողմի գնահատմամբ՝ կոնցեսիայի գործողության սկզբից ի վեր Հայաստանի երկաթուղային համակարգում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի: