Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԳԴՀ–ում 2012թ.–ին ներգաղթի մակարդակն առավելագույն ցուցանիշի է հասել 1995թ.–ից ի վեր

15.01.2014, 19:50
2012 թվականին Գերմանիա ժամանած օրինական ներգաղթյալների թիվն անցել է 1990–ական թվականներին գրանցված առավելագույն ցուցանիշից, հաղորդում է РБК–ն` հղում անելով գերմանական ZDF հեռուստաալիքին։
ԳԴՀ–ում 2012թ.–ին ներգաղթի մակարդակն առավելագույն ցուցանիշի է հասել 1995թ.–ից ի վեր
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին Գերմանիա ժամանած օրինական ներգաղթյալների թիվն անցել է 1990–ական թվականներին գրանցված առավելագույն ցուցանիշից, հաղորդում է РБК–ն` հղում անելով գերմանական ZDF հեռուստաալիքին։

2012 թվականի ընթացքում ԳԴՀ միգրացիոն իշխանությունները գրանցել են 1.081 մլն միգրանտի, ինչը 11 տոկոսով շատ է 2011 թվականի ցուցանիշից (այն ժամանակ Գերմանիա էր տեղափոխվել 960 հազար մարդ)։ 1995 թվականին մշտական կացության նպատակով Գերմանիա է տեղափոխվել միայն 10 հազարով շատ միգրանտ (1.082 մլն)։

Գերմանիայից արտագաղթողների թիվը նույն ժամանակահատվածում նույնպես աճել է, սակայն ընդամենը 5 տոկոսով (680 հազարից մինչև 712 հազար մարդ)։ Այսպիսով, ԳԴՀ–ի բնակչության զուտ միգրացիոն հավելաճը կազմել է 369 հազար։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզյերի կարծիքով, այդ թվերը երկրի միգրացիոն ճիշտ քաղաքականության ցուցանիշն են։ «Բոլորս գիտենք, որ Գերմանիային պետք է բարձր որակավորման աշխատողների ներհոսք։ Եվ թվերը ցույց են տալիս, որ մեր երկիրն առաջվա պես շատ գրավիչ է միգրանտների համար»,– հայտնել է նա։

2012 թվականին առավելագույն թվով մարդ (68 հազ.) Գերմանիա է ժամանել Լեհաստանից։ Երկրորդ տեղում է Ռումինիան (46 հազ. մարդ), այնուհետև` Հունգարիան (26 հազ.) և Բուլղարիան (25 հազ.)։ Իսկ միգրացիայի առավելագույն հավելաճը (գրեթե մեկուկես անգամ` մինչև 9 հազար մարդ) ապահովել է Իսպանիան։ -0-