Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Աշխարհը շոկոլադի պակաս է զգալու

26.12.2013, 10:13
Շոկոլադի սիրահարներին դժվար ժամանակներ են սպասում։ Շոկոլադի պահանջարկն ու գները շարունակում են աճել, իսկ առաջարկը նվազում է։ Միայն ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև 2014թ.–ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կակաո–արտադրանքի սպառումը մոտ 70 հազար տոննայով գերազանցում է համաշխարհային շուկայի առաջարկը։ Այդ պակասուրդը կպահպանվի մինչև 2018թ.–ի ավարտը, գրում է rbcdaily–ն։
Աշխարհը շոկոլադի պակաս է զգալու
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շոկոլադի սիրահարներին դժվար ժամանակներ են սպասում։ Շոկոլադի պահանջարկն ու գները շարունակում են աճել, իսկ առաջարկը նվազում է։ Միայն ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև 2014թ.–ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կակաո–արտադրանքի սպառումը մոտ 70 հազար տոննայով գերազանցում է համաշխարհային շուկայի առաջարկը։ Այդ պակասուրդը կպահպանվի մինչև 2018թ.–ի ավարտը, գրում է rbcdaily–ն։

Ներկա պակասուրդն ամենաերկարատևը կլինի 1960թ.–ից ի վեր, Handelsblatt –ը մեջբերում է Լոնդոնի Կակաոյի համաշխարհային կազմակերպության վիճակագրական ստորաբաժանման ղեկավար Լորան Պիպիտոնի խոսքը։  Մեկ տոննա կակաոյի արժեքը մինչև 2014թ.–ի ավարտը կաճի միջինը 15 տոկոսով` կազմելով 3200 դոլար, կարծում են Bloomberg–ի հարցման մասնակիցները։

Շոկոլադե քաղցրավենիքի գլոբալ վաճառքը հաջորդ տարի կհասնի 7,3 մլն տոննա (աճը` 2,1%) ռեկորդային մակարդակի, կանխատեսում է Euromonitor International–ը (2% ` 2013թ.–ին)։ Աճի հիմնական շարժիչը դարձել է Ասիան։  Միայն Չինաստանում շոկոլադի իրացումն  ավելի քան կրկնակի ավելացել է նախորդ տասնամյակում` գերազանցելով Արևմտյան Եվրոպայի վաճառքի աճի տեմպերը, որն աշխարհում շոկոլադի խոշորագույն սպառողն է։ Որպես հետևանք` կակաոն այս տարի ICE Futures U.S ֆյուչերսային բորսայում թանկացել է 25 տոկոսով։ Նյու Յորքում մեկ տոննայի արժեքը հասել է 2792 դոլարի։ Standard & Poor's GSCI Spot Index ցուցիչում 24 տեսակի հումքերից սա երկրորդ ցուցանիշն է` ըստ աճի տեմպերի։ Համեմատության համար հարկ է նշել, որ MSCI All-Country World Index բաժնետոմսերի ցուցիչը 2013թ.–ին ավելացել է 16 տոկոսով։ Այս տարի կակաոյի գների աճին նպաստել են Կոդ դ’Իվուարում և Գանայում գրանցված երաշտը։ –0–