Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ–ի վերընտրված նախագահ Օբաման 281 ձայն է ստացել. CNN

07.11.2012, 10:51
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողների 281 ձայն է ստացել, ինչը գերազանցում է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնը, տեղեկացնում է  CNN հեռուստաընկերությունը, որը քվեների սեփական հաշվարկ է կատարում։
ԱՄՆ–ի վերընտրված նախագահ Օբաման 281 ձայն է ստացել. CNN
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողների 281 ձայն է ստացել, ինչը գերազանցում է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնը, տեղեկացնում է  CNN հեռուստաընկերությունը, որը քվեների սեփական հաշվարկ է կատարում։

Այսպիսով, Օբաման երկրորդ անգամ է նախագահ ընտրվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միթ Ռոմնին 201 ձայն է ստացել։
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին։

ԱՄՆ–ում նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով ստանում է առնվազն 270 քվե (538–ից)։ Ընտրությունը կատարվում է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքով, երբ թեկնածուն որևէ նահանգում ստանում է քվեների պարզ մեծամասնությունը, նրան է անցնում այդ նահանգի ընտրողների բոլոր քվեները։ Ընդ որում, յուրաքանչյուր նահանգ ընտրողների քվեների որոշակի քանակ ունի, որը հավասար է կոնգրեսի ներկայացուցիչների քանակին (երկու սենատոր ամեն նահանգից և մի քանի կոնգրեսմեն` կախված շրջանների քանակից)։

Քվեների հաշվարկին մասնակցում են CNN, Fox, NBC, CBS և АР հոլդինգները։ Նրանց հրապարակած տվյալները քվեարկության նախնական դե–ֆակտո արդյունքն են, որի հիման վրա հայտարարվում է ընտրությունների հաղթողը։
 
Վերջնական պաշտոնական տվյալները հրապարակվում են, երբ նահանգների ընտրական հանձնաժողովները բոլոր քվեաթերթիկները մշակում են, որը սովորաբար մի քանի օր է տևում, և այդ տվյալները հաստատում է նահանգի պետքարտուղարը։

Այնուհետև յուրաքանչյուր նահանգում ընտրողները դեկտեմբերի 17-ին անցկացնում են սեփական քվեարկությունը, որի ընթացքում պաշտոնապես ընտրում են նախագահին` ձայնը տալով «սեփական» թեկնածուին։ Ընտրողների այդ քվեարկության  արդյունքները կփոխանցվեն ԱՄՆ կոնգրեսին դեկտեմբերի 26-ին և կհրապարակվեն երկու պալատների համատեղ հատուկ նստաշրջանի ժամանակ` 2013 թվականի հունվարի 6-ին։

2008 թվականին Օբաման 538 ընտրողից 365-ից ձայնն էր ստացել, նրա հակառակորդ Ջոն Մակքեյնը` 173 ձայն։--0-