Բեռլուսկոնին խոստանում է իտալացիներին վերադարձնել անշարժ գույքի համար նրանց վճարած հարկը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 24–25–ը կայանալիք Իտալիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կենտրոնամետ կոալիցիայի ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հաղթանակի դեպքում խոստացել է իտալացիներին վերադարձնել 2012թ.–ին նրանց կողմից անշարժ գույքի դիմաց վճարված մունիցիպալ հարկը (IMU), որը ներմուծվել է Մարիո Մոնտիի կառավարության օրոք։ Այդ մասին կիրակի երեկոյան Միլանում հայտնել է նախկին վարչապետը, տեղեկացնում է Il Sole 24 Ore–ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խորհրդի առաջին նիստի ժամանակ մենք որոշում կկայացնենք 2012թ.–ին քաղաքացիների կողմից առաջին տան դիմաց վճարած IMU–ի փոխհատուցման վերաբերյալ»,– ասել է քաղաքական գործիչը, ով կենտրոնամետների հաղթանակի դեպքում մտադիր է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Ըստ Բեռլուսկոնիի` դա «խորհրդանշական, սակայն շատ կոնկրետ գործողություն է», որը թույլ կտա իտալացիներին կրկին հավատալ պետությանը։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ հարկի գումարն անմիջականորեն կվերադարձվի բանկային հաշիվների վրա կամ կանխիկ` փոստային փոխանցումների միջոցով։
Նախկին վարչապետն ընդգծել է, որ IMU–ի փոխհատուցումը «օգտակար է յուրաքանչյուր ընտանիքի համար» և միաժամանակ ծանրաբեռնվածություն չի լինի պետության համար, քանի որ կիրականացվի Շվեյցարիայի հետ իտալացի քաղաքացիների ֆինասնական ակտիվների հարկումների մասին համաձայնագրի դադարեցման հաշվին։ Ըստ Բեռլուսկոնիի` դա անմիջապես 25–30 մլրդ եվրոյի չափով եկամուտ կբերի, իսկ այնուհետև` տարեկան 5–ական մլրդ։ Բացի այդ, նա առաջիկա հինգ տարիների ընթացքում խոստացավ չեղյալ հայտարարել արտադրական գործունեության տարածաշրջանային հարկը և չբարձրացնել ԱՄՀ–ն։
Բեռլուսկոնիի հիմնական քաղաքական մրցակիցը ձախ կենտրոնամետ կոալիցիայի առաջնորդ, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության քարտուղար Պիեռ Լուիջի Բերսանին նախկին վարչապետի նախընտրական հայտարարություններն անլուծելի խոստումներ և դեմագոգիա է անվանել, իսկ վարչապետ Մարիո Մոնտին, ով գլխավորում է իտալական կենտրոնամետներին, նշել է , որ Բեռլուսկոնին երկար տարիների ընթացքում ղեկավարել է երկիրը և միաժամանակ «տվյալ խոստումներից ոչ մեկը չի կատարել»։ –0–