Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին բարձր որակավորում ունեցող 40 մլն մասնագետի կարիք կունենա

20.11.2012, 10:55
2020 թվականին աշխարհը կբախվի 40 մլն բարձրորակ մասնագետների պակասի հետ, գրում է РБК daily –ն՝ հղում անելով McKinsey Global Institute-ին:
Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին բարձր որակավորում ունեցող 40 մլն մասնագետի կարիք կունենա
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2020 թվականին աշխարհը կբախվի 40 մլն բարձրորակ մասնագետների պակասի հետ, գրում է РБК daily –ն՝ հղում անելով McKinsey Global Institute-ին:

Դա խնդիրներ կստեղծի ոչ միայն բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ զբաղված ընկերությունների, այլ նաև ողջ համաշխարհային տնտեսության համար՝ աշխատանքի արտադրողականությունն ավելացնելու անհնարինության պատճառով կդանդաղեն արտադրողականության աճի տեմպերը:

McKinsey-ի մասնագետները վերլուծել են ավելի քան 70 երկրների տվյալներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 96 տոկոսը և մոլորակի բնակչության 87 տոկոսը, կանխատեսելու համար, թե ինչպես կզարգանա աշխատանքի գլոբալ շուկան մինչև 2030 թվականը: Վերջին 30 տարիների ընթացքում, երբ ձևավորվել է աշխատանքի գլոբալ շուկան, համաշխարհային տնտեսությունում զբաղվածների թիվն աճել է 1,1 մլրդ-ով՝ գլխավորապես, զարգացող երկրների հաշվին: Ընդ որում, այդ երկրների քաղաքացիներն ապահովել են աշխատանքային ռեսուրսների ընդհանուր աճի 40 տոկոսը նաև զարգացած երկրներում: Այդ ողջ ժամանակահատվածում աճում էր այն աշխատակիցների որակավորման նշանակությունը, ում ավելի հաճախ էր պահանջվում բարձրագույն կրթություն:

McKinsey-ի վերլուծաբանների կանխատեսմամբ, 2030 թվականին համաշխարհային տնտեսությունում զբաղվածների թիվը կհասնի 35 միլիարդի: Միաժամանակ, ավելի կընկնի ոչ որակյալ աշխատանքի և դպրոցականից ցածր կրթությամբ աշխատակիցների պահանջարկը: Իսկ ահա բարձր որակավորում ունեցող կադրերը, ովքեր կարող են պարծենալ բարձրագույն կրթությամբ, կպակասեն. արդեն 2020 թվականին նրանց պահանջարկը կգերազանցի առաջարկը 40 միլիոնով: Առավել սուր  կզգացվի ինժեներատեխնիկական մասնագիտությունների որակավորված մասնագետների պակասը բարձր տեխնոլոգիական արտադրությունում, օրինակ, աէրոտիեզերական արտադրության ոլորտում:

«McKinsey-ում ճիշտ են այն հարցում, որ առաջիկա 10-20 տարիներին լավ մասնագետների պակասի միտում է նկատվելու: Սակայն զուգահեռաբար այլ գործընթացներ էլ տեղի կունենան՝ որակավորում ունեցող մասնագետները կփոխարինվեն մեքենաներով, կձգտեն տնտեսել նրանց աշխատանքը, ինչն ավելի թանկ կարժենա»,- РБК daily-ին է ասել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Ջեքմանը: Ըստ նրա, ընթացիկ պակասը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոտ 20 տարի առաջ բարձր որակավորում ունեցող մասնագետների թիվը շատ մեծ է եղել, ինչը հանգեցրել է համալսարանների թվի նվազմանը և ցածր ու միջին որակավորում ունեցող աշխատակիցների աշխատավարձերի միջև տարբերության կրճատմանը:

Որակյալ կադրերի նկատվող պակասը կբաշխվի անհավասարաչափ: Որակավորում ունեցող մասնագետների առավել սուր պակաս կզգացվի Չինաստանում: 2020 թվականին երկրի տնտեսությունը ընդհանուր առմամբ 140 միլիոն այդպիսի կադրերի կարիք կունենա, բայց այդ պահանջարկը ծածկելու համար ՉԺՀ-ին կպահանջվի մոտ 22 մլն մարդ. երկրի տնտեսությունն այնքան արագ է զարգանում, որ տեղական համալսարանները պարզապես չեն հասցնում մասնագետների անհրաժեշտ քանակ ապահովել: Սակայն հետագայում այդ պակասը կսկսի զսպել տնտեսական աճը:

Բարձրորակ մասնագետների պակասի հետ կբախվեն նաև Եվրոպայի զարգացած երկրները, ԱՄՆ-ն և Ճապոնիան, որոնք 18 մլն մասնագետների պակաս կունենան: Սակայն այնտեղ որակյալ աշխատակիցների պակասը կապված է, նախևառաջ, ժողովրդագրական միտումների հետ՝ կրթված երիտասարդությունը չի կարող ամբողջովին փոխարինել կենսաթոշակի անցնող փորձառու մասնագետների աճող թվին: -0-