Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Եվրոպայում առաջին անգամ բողոքի համակարգված ալիք է բարձրացել տնտեսման ռեժիմի դեմ

15.11.2012, 11:21
Եվրոպայի պետական ծախսերի ընդհանուր կրճատումը անհամաձայնության տրամադրությունները նոր մակարդակ է դուրս բերել տարածաշրջանում, գրում է РБК daily-ն:
Եվրոպայում առաջին անգամ բողոքի համակարգված ալիք է բարձրացել տնտեսման ռեժիմի դեմ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի պետական ծախսերի ընդհանուր կրճատումը անհամաձայնության տրամադրությունները նոր մակարդակ է դուրս բերել տարածաշրջանում, գրում է РБК daily-ն:

ԵՄ 23 երկրներում չորեքշաբթի առաջին անգամ բողոքի համակարգված ակցիաներ են անցել, որոնք համախմբել են տնտեսության տարբեր հատվածների հազարավոր աշխատողների: Իսպանիայում և Պորտուգալիայում գործադուլները համընդհանուր են եղել: Ցուցարարները վստահ են, որ պետական ծախսերի կրճատումը վնասում է ՀՆԱ-ի աճն ու քաղաքացիների գրպանը:

Իսպանիայի և Պորտուգալիայի խոշորագույն արհմիությունները, հետևելով իրենց իտալացի և հույն գործընկերներին, երեկ եվրոպական քաղաքների փողոցներ են դուրս բերել տասնյակ հազարավոր ցուցարարների: Իսպանիայում այս տարվա ընթացքում արդեն երկրորդ համընդհանուր գործադուլի հետևանքով գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը. ավիաընկերությունները հետաձգել են շուրջ 700 չվերթ, դադարեցվել է միջքաղաքային գնացքների 80 տոկոսի և բոլոր գնացքների երկու երրորդի երթևեկը, գրեթե ամբողջովին դադարեցրել է աշխատանքը մադրիդյան մետրոն: Ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, կան վիրավորներ քաղաքացիների և ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում:

Նման իրավիճակ է տիրում նաև հարևան Պորտուգալիայում, որտեղ հետաձգվել է բոլոր ավիաթռիչքների գրեթե կեսը, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Գործադուլները տարածվել են նաև ֆրանսիական և բելգիական տրանսպորտային համակարգերի վրա՝ ընդմիջումներով են երթևեկել Thalys և Eurostar ճեպընթաց գնացքները: Գործադուլ են հայտարարել ոչ միայն տրանսպորտային աշխատողները, այլև ողջ օրվա ընթացքում աշխատանքը դադարեցրել են անմիջապես մի քանի պետությունների ավտոմոբիլային, արդյունաբերական և շինարարական հատվածների ներկայացուցիչները: Իհարկե փոքր-ինչ կարճ ժամանակով, սակայն համընդհանուր գործադուլ են անցկացրել նաև իտալական արհմիությունները: «Նման համակարգված գործադուլն միանգամից մի քանի եվրոպական երկրներում առաջին անգամ է տեղի ունենում: Այդ բողոքի ակցիաների ծավալն ու համընդհանուր լինելու հանգամանքը ցույց է տալիս, թե որքան են հոգնել մարդիկ մշտական տնտեսմանը դիմանալուց»,- РБК daily-ին ասել է FEP-USO իսպանական արհմիության միջազգային գործերով քարտուղար Խավիեր Դեդիսենտեն:

Իշխանությունները չէին կարող չլսել ցուցարարներին, սակայն չեն պատրաստվում փոխել ուղղությունը: Ինչպես ցուցարարներին հայտնել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը, պետությունը ոչ մի զիջման չի գնա. «Կառավարությունը վստահ է, որ ընտրած ուղին ճգնաժամից դուրս գալու համար միակ հնարավոր ուղին է»: Վերլուծաբանները նույնպես թերահավատորեն են տրամադրված: «Ծախսերի կրճատումը կշարունակվի անկախ բողոքներից: Ցուցարարները չեն կարողանա փոխել իրավիճակը, քանի որ երկրները պետք է սկսեն ապրել միջոցներով: Նման գործադուլներից արդյունքը կարող է լինել միայն համընդհանուր ընտրությունների դեպքում, իսկ ոչ Իսպանիայում, ոչ Պորտուգալիայում, ոչ էլ Հունաստանում նման բան դեռ չի նկատվում»,- РБК daily-ին ասել է Berenberg Bank-ի ավագ տնտեսագետ Քրիսթիան Շուլցը:

Ցուցարարները, սակայն, պատրաստ են շարունակել տնտեսման դեմ պայքարը, որն ըստ նրանց, պետք է փոխարինել իրական հատվածի խթանմամբ: «Եթե իշխանություններն այս անգամ չլսեն մեզ, մենք կրկին փողոց դուրս կգանք: Նրանք պետք է հասկանան, որ մի քանի տարի շարունակ ծախսերի կրճատումները միայն գործազրկության աճ կբերեն: Բացարձակապես որևէ դրական դինամիկա չկա, որը հնարավոր կլիներ ապահովել խթանող միջոցներով: Բանկիրներին գումար տալու փոխարեն պետք էր նոր աշխատավայրեր ստեղծել: Լավ աշխատավարձ ստացող մարդիկ կվճարեն հարկերը, վարկ կվերցնեն և կծախսեն գումարները, իսկ իշխանությունները ստիպված չեն լինի կրճատել բյուջեն»,- ընդգծել է Դեդիսենտեն: -0-