Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+9

Փորձագետները հակված են մարդկային գործոնի վարկածին. ԱԻՆ–ից պարզաբանում են Դալմայում գրանցված արտակարգ պատահարի պատճառը

10.01.2020, 14:17
Հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են
Փորձագետները հակված են մարդկային գործոնի վարկածին. ԱԻՆ–ից պարզաբանում են Դալմայում գրանցված արտակարգ պատահարի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ փորձագետները շարունակում են ուսումնասիրել նախօրեին երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում գրանցված արտակարգ պատահարի պատճառները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանին։

Հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Սեյսմիկ ծառայությունն իր հերթին նշել է, որ հանրապետության տարածքում գրանցված երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«ԱԻՆ աշխատակիցները շարունակում են մանրակրկիտ զննել շենքն ու հարակից տարածքը` ցնցումների պատճառները պարզելու համար։ Շենքում տեղադրված են սենսորային սարքեր, որոնց միջոցով պետք է պարզվի ցնցումների պատճառը դրանց կրկնության դեպքում։Այս պահին որևէ նոր ցնցում չի գրանցվել», – ասել է Զարգարյանը։

Նրա խոսքով, փորձագետները հակված են մարդկային գործոնի վարկածի, մասնավորապես հնարավոր են անվտանգության կանոնների խախտումներ։

 «Դալմայի գոտում որևէ սեյսմիկ ակտիվություն չի գրանցվել, որևէ արտաքին գործոն չկա», – ասել է նա։

Զարգարյանը նաև ընդգծել է, որ առևտրի կենտրոնի փլուզման որևէ սպառնալիք չկա, այն շահագործման է հանձնվել 2012թ.–ն` քաղաքաշինության պահանջների համապատասխան և պարբերաբար անցնում է ստուգումներ։–0–