Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Տավուշի ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հարուցվել է քրգործ

03.08.2020, 12:47
Քրեական գործ է հարուցվել Տավուշի ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ
Տավուշի ոստիկանության Բերդի բաժնի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հարուցվել է քրգործ
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով  վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի օղակ և դրա բաղկացուցիչ դետալ:Կատարվում է նախաքննություն։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–