Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
14.06.2024,
10:43
Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևան-Սևան ճանապարհին՝ գազալցակայանում, օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։
Այս մասին 1Lurer.am-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է»,- ասել է Ծատրյանը։
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև հրդեհ։ Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի բաքը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 7 մարդ հոսպիտալացվել է։