ԱԱԾ. այս պահին ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/.ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ` այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:
«ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:
Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։-0–