ԱԱԾ. զինված խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ է ձերբակալվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական և օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և ներկայումս շարունակում են օժանդակել նախապատրաստվող նոր հանցագործություններին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը:
«Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո:
«Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նկատի ունենալով վերոնշյալը` Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին:–0–