Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ԱԱԾ. զինված խմբին օժանդակություն ցույց տվող նոր անձինք են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.07.2016, 17:25
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ զինված խմբին օժանդակություն ցույց տվող նոր անձինք են հայտնաբերվել։
ԱԱԾ. զինված խմբին օժանդակություն ցույց տվող նոր անձինք են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:

«Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր», - նշվում է հայտարարության մեջ:   

Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին, հանուն այլոց հանցավոր նպատակների, չենթարկվել առանձին անձանց սադրանքներին, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը և չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը:

ԱԱԾ-ն հիշեցնում և նախազգուցնում է, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի և հասանելի բոլոր միջոցներով: -0-