ԱԱԾ. իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական հայտարարությունն է տարածել ՊՊԾ գնդի զավթման կապակցությամբ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, առաջարկվել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք և պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ:
Այսպես, ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով:
«Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը», – նշվում է հայտարարության մեջ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո:
Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա և կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա:
ԱԱԾ–ն հիշեցնում է, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը և խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով և առաջացրած հետևանքների ծանրությամբ:
«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից», – ընդգծվում է հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Հուլիսի 21–ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։-0-