Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների խախտումներ է արձանագրել բողոքի ակցիայի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստան մարդու իրավունքները պաշտպանը քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր է արձանագրել Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում։
Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ, հաղորդում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսևորվելու է խիստ հետևողականություն:
«Այսօրվա հավաքի կապակցությամբ անհրաժեշտ է ոստիկաններին խստորեն պահպանել օրինականության և համաչափության սկզբունքները, ի սպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որևէ անհիմն միջամտություն, առավել ևս բռնության որևէ դեպք, իսկ հավաքի մասնակիցներին՝ խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի և վիրավորանքի որևէ դրսևորում», – նշվում է հաղորդագրության մեջ։Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Նախօրեին երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել են ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում` պահանջելով չթույլատրել գրոհ զավթած շենքի անձանց նկատմամբ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:34 19.07.2016