Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը կայուն ծանր է. բժիշկ

Պավել Մանուկյանի և նրա որդու վիճակը կայուն ծանր է. բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում կեսգիշերին մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և նրա որդի Արամ Մանուկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Ազատություն» ռ/կ–ին։

«Ժամը 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեք վիրավոր, որից մեկը ոստիկանության աշխատող է եղել, ունի սրունքի հրազենային վնասվածք: Կատարվել է համապատասխան միջամտություններ, իր վիճակը գնահատում ենք կայուն», - նշել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

Նա ավելացրել է, որ նաև ընդունվել են երկու վիրավոր` Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը, որոնք անմիջապես տեղափոխվել են վիրահատարան և կատարվել են վիրահատություններ:

Բժիշկները նշել են, որ Պավել Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով:

Հայր և որդի Մանուկյանները վիրահատությունից հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

«Այս պահին երկու տուժածի վիճակն էլ գնահատում եմ իբրև ծանր, սակայն կայուն և վերահսկելի: Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում», - նշել է Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը:

Հուլիսի 26–ի լույս 27–ի գիշերը ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook–յան էջում հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը։

Նրա խոսքով` տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:17 27.07.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×