Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Օֆշորային պատմության հերոս Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել են Վրաստանում

01.02.2014, 15:01
ՀՀ ոստիկանությունը հունվարի 31-ին Թբիլիսում հայտնաբերել է և ձերբակալել Աշոտ Սուքիասյանին, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Արմեն Մալխասյանը։
Օֆշորային պատմության հերոս Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել են Վրաստանում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հունվարի 31-ին Թբիլիսում հայտնաբերել է և ձերբակալել Աշոտ Սուքիասյանին, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Արմեն Մալխասյանը։

Աշոտ Սուքիասյանը հետախուզվում էր 2013 թվականի հունիսի 17–ից Հայաստանի ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափի խարդախություն), 184–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահության չարաշահման միջոցով) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (անօրինական կերպով ստացած եկամուտներն օրինականացնելը) հատկանիշներով։

«ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին ։Այժմ քննարկվում է Սուքիասյանի էքստրադիցիայի հարցը», - ասաց Մալխասյանը։

ԶԼՄ–ների տեղեկացմամբ, Աշոտ Սուքիասյանի նախաձեռնությամբ, գործարար Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր գույքը բանկերից մեկում Սյերա Լեոնեից ալմաստի հումքի ներկրում կազմակերպելու համար։ Հրապարակումների համաձայն, Սուքիասյանը յուրացրել է այդ միջոցները, ինչի հետևանքով 2011 թվականի փետրվարին բանկերից մեկի աշխատակիցները փորձել են հանել Հայրապետյանի գրավադրած գույքը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել և հանգեցրել քրեական գործի հարուցման։

Սուքիասյանի անունը շոշափվեց  նաև օֆշորային սկանդալի ժամանակ, երբ արծարծվում էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Մասնավորապես, ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումների համաձայն, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերություն են հիմնել։ Մի շարք պարբերականներ նշում էին, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։

Հայաստանի  վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։

Սարգսյանը հայտարարել էր, որ որևէ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից որևէ ձեռնարկություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ մի այլ վայրում։ -0-