Թունավորում Հայաստանի դպրոցներից մեկում. հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի երեխա

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։
Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։
Նշվում է, որ ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:
Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ըստ Shamshyan.com-ի, հոսպիտալացված երեխաների թիվը հասնում է 25-ի:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը, փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:-0-