Զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում իրավիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զինված խմաբորման կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը կայուն է, հինգշաբթի հայտնեց «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։
Ոստիկանությունը շարունակում է հերթապահել ՊՊԾ գնդի շենքի տարածքում:
Գիշերը Ազատության հրապարակում անցկացվել է «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցող բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները հետագայում երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց։ Ընդ որում, դեպի Խորենացի փողոց տանող բոլոր ճանապարհները արգելափակվել էին ոստիկանների կողմից:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին, ինչպես նաև իշխանության հրաժարականը: Սակայն երբ լրացավ նրանց վերջնագրի ժամկետը, նրանք չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հետագա քայլերի շուրջ:
ԶԼՄ-ների տվյալներով, նախօրեին գիշերը ոստիկանությունը զանգվածային ձերբակալումներ է իրականացրել բողոքի ցույցի ժամանակ: Գիշերը ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը բաց է թողնվել, այդ թվում, աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հանրաճանաչ դերասանուհի Արսինե Խանջյանը: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանելիս ձեռնպահ մնաց ձերբակալվածների ստոււյգ թիվը նշելուց:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-