Ռուս և հայ մասնագետներն անում են հնարավորինը Գյումրիում վիրավորված երեխային փրկելու համար

Ռուս և հայ մասնագետներն անում են հնարավորինը Գյումրիում վիրավորված երեխային փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուս և հայ մասնագետներն անում են հնարավորինը Գյումրիում ընտանիքի վրա հարձակման ժամանակ վիրավորված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին փրկելու համար, ասաց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը, նրա խոսքերով` երեխայի փրկության համար արվում է ամեն ինչ:

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Արդեն չորրորդ օրն է այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին: Այն, որ երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է»,- շեշտեց Խաչատրյանը:  

Ինչպես հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Խաչատրյանի խոսքով`  ռուս մասնագետների հետ համատեղ  ամեն օր անցկացվում են խորհրդակցություններ, համապատասխան որոշում կայացնելուց հետո փորձում են խնդրին լուծում տալ: «Մասնագետները Հայաստանում կմնան այնքան ժամանակ, որքան հարկն է»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երիկամային և սրտանոթային անբավարարության խորացման պատճառով կատարվել է պերիտոնեալ դիալիզ: Ըստ նրա` դրա անհրաժեշտությունն առաջացել է երիկամային և սիրտ–անոթային անբավարարության խորացման պատճառով։

«Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա Գյումրիից Երևան է տեղափոխվել բազմաօրգանային անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում,  արյան կորստի, հեմոռագիկ շոկի պայմաններում, նրա մոտ առակա էր բոլոր օրգան-համակարգերի անբավարարություն»,- ներկայացնելով երեխայի առողջական վիճակի մանրամասները` ասաց Նիկոլայ Դալլաքյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշեց, որ այս պահին երեխայի առողջական վիճակի մասին կանխատեսումներ անել հնարավոր չէ:

«Թե տեղի, թե արտերկրի լավագույն մասնագետները գիշեր-ցերեկ աշխատում են երեխայի կյանքը փրկելու  համար»,- ընդգծեց տնօրենը:

Երիկամային անբավարարությունը, որը սկզբնական շրջանում հաջողվել էր կանգնեցնել, երեկվանից նորից խորացել է, որն էլ շղթայական ռեակցիայով բերել է օրգանիզմում հեղուկի և շլակների կուտակման: Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում և շնչառական անբավարարություն:

«Երեխայի վիճակը դեռևս մնում է շատ ծանր»,- հայտնեց Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքով` երեկ կրկին քննարկել է և միանշանակ արձանագրվել, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ: Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել: Տա աստված, որ երեխային կարողանանք այս կրիտիկական վիճակից հանել, կայունացնել սրտանոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը և նաև բնականաբար երիկամները»,- հավելեց մասնագետը:

ՀՀ առողջապահության նախարարի ղեկավարությամբ հունվարի 19–ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ռուս մասնագետների մասնակցությամբ երրորդ կոսնիլիումը: Երեխայի առողջական վիճակը գտնվում է նրա անմիջական հսկողության ներքո:  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:21 19.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×