Պարզվել են Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես պարզվել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ.-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ: 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի ԱՀ տանող ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցների կողմից:
Նշվածի կապակցությամբ՝ նույն օրը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի լիարժեք հանգամանքները բացահայտելու համար:
«ՀՀ դատախազությունը խստորեն զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ նման հանցավոր գործողություններից, որոնք հղի են ՀՀ-ի և ԱՀ-ի բնակչության, հասարակական անվտանգության, հանցածին իրավիճակի վատթարացման սպառնալիքներով: Ինչպես նշած, այնպես էլ նմանատիպ հնարավոր այլ դրսևորումների դեպքում ՀՀ դատախազությունը հետամուտ է լինելու նման գործողություններին ամենակոշտ իրավական գնահատականներ տալուն և հանցագործությունը կատարող անձանց քրեական խիստ պատասխանատվության ենթարկելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-