Դմիտրի Պանկին (ՍԱԶԲ). Հայաստանի տնտեսությունը նորմալ վիճակում է, կարևոր է, որպեսզի չլինեն քաղաքական կատակլիզմներ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թ.–ի հուլիսին Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) գլխավորեց Դմիտրի Պանկինը։ Նոյեմբերին նա մտադիր է առաջին անգամ այցելել Հայաստան` որպես ՍԱԶԲ նախագահ։ Ինչպե՞ս են զարգանում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագծերը Հայաստանում, նոր ռազմավարության շրջանակում նախատեսու՞մ է, արդյոք, բանկն ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանի երկրներում, և ի՞նչ պետք է սպասել համաշխարհային տնտեսությունից 2019թ.–ին։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս և այլ հարցերին է պատասխանել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը։
«ԱՌԿԱ». Դմիտրի Վլադիմիրովիչ, ՍԱԶԲ–ի նախագահի կարգավիճակում Դուք առաջին անգամ պատրաստվում եք այցելել Հայաստան։ Կցանկանայինք իմանալ Ձեր այցի նպատակների մասին։
Պանկին. այցի նպատակն է երկրի ղեկավարության հետ քննարկել բանկի նոր ռազմավարությունը, սահմանել առաջնահերթությունները միջնաժամկետ հեռանկարում։ Հիմնական առաջարկը, որով ուզում եմ դիմել ձեր բաժնետերերին, բանկի նախագծային պորտֆելում ենթակառուցվածքային նախագծերի թվի ավելացումն է։ Խոսքը ճանապարհային շինարարության, հեռահաղորդակցությունների, էներգետիկ հատվածի, բնապահպանության, վերամշակող արդյունաբերության և այլ ոլորտների հետ կապված նախագծերի մասին է։
«ԱՌԿԱ». ինչո՞վ է ՍԱԶԲ–ը տարբերվում զարգացման այլ միջազգային բանկերից։ Բանկը ֆինանսավորման և աջակցության ինչպիսի՞ առավելություններ է տրամադրում մասնակից երկրներին։
Պանկին. առաջին հերթին նշեմ, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բաժնետերեր են տարածաշրջանի 11 երկրներ, այդ պատճառով բանկն իր ուշադրությունը կենտրոնացնում է առավելապես լոկալ նախագծերի վրա։ Հայաստանում գործող մյուս բանկերը` ՎԶԵԲ–ը, ԱԶԲ–ն, ԵԶԲ–ն, ավելի ունիվերսալ են։ Մեր հիմնադիր երկրներն ունեն ընդհանուր սահմաններ, նրանց թվում են Ռուսաստանն ու Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը, Թուրքիան և Հունաստանը։ Թվում է, թե այդ երկրների միջև առկա են բավականին բարդ քաղաքական հարաբերություններ, սակայն մեզ բոլորիս հաջողվում է արդյունավետ կերպով աշխատել մեր կազմակերպության շրջանակում։ ՍԱԶԲ–ի հիմնական առավելությունն այն է, որ մեր բաժնետերերը կարող են կառուցողական կերպով քննարկել նախագծեր և գտնել փոխզիջումային լուծումներ։
Նաև կցանկանայի նշել ՍԱԶԲ–ի չափը։ Այն ավելի փոքր է, քան զարգացման մյուս բանկերինը` օրինակ ՎԶԵԲ–ը, ԱԶԲ–ը։ Մեր կապիտալը մոտ 800 մլն եվրո է, վարկային պորտֆելը` 1,3 մլրդ եվրո։ Սակայն հենց այն բանի հաշվին, որ բանկը մեծ չէ, մենք կարող ենք ավելի արագ արձագանքել հաճախորդների պահանջմունքներին։ Օրինակ, նախագծերի քննարկման ժամկետը մեզ մոտ ավելի կարճ է, քան ավելի խոշոր բանկերի մոտ։ Դա մեզ որոշակի առավելություններ է տալիս։ Նշեմ, որ բանկն ունի այս տարածաշրջանում աշխատանքի 20–ամյա փորձ, և ամեն տարին մենք ավարտում ենք դրական ֆինանսական արդյունքով։
«ԱՌԿԱ». ո՞ր նախագծերն են առաջնահերթ ՍԱԶԲ–ի համար, և մասնավորապես, հայկական տնտեսության ո՞ր ոլորտներն են հետաքրքրություն ներկայացնում ձեր ղեկավարած բանկի համար։
Պանկին. ավելի վաղ բանկը զբաղվում էր հիմնականում մասնավոր հատվածի վարկավորմամբ, և կար ժամանակ, երբ բոլոր նախագծերի կեսը կենտրոնացած էր ֆինանսական ոլորտի վրա։ Հայաստանում մասնավորապես մենք զբաղվել ենք բանկերի վարկավորմամբ, որպեսզի նրանք էլ արդեն վերավարկավորեն մասնավոր հատվածը։ Հանրապետությունում մեր գործընկերների թվում կա, օրինակ, մսամթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություն։ Մենք նաև մասնակցում ենք բանկերի սինդիկատում օդանավակայանի վարկավորման նախագծի մասով։ Հիմա կցանկանայինք ավելի շատ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային նախագծերին։ Հիմա բանակցություններ ենք վարում էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, սննդային և վերամշակվող արտադրանքի ոլորտներում գործող նախագծերի շուրջ։
«ԱՌԿԱ». որքա՞ն է ՍԱԶԲ–ի ֆինանսավորման ծավալը Հայաստանում։
Պանկին. ֆինանսավորման կուտակված ծավալը կազմում է մոտ 267 մլն եվրո։ Այս պահին ստորագրված նախագծերի գումարը կազմում է մոտ 130 մլն եվրո։ Ներկայացվել է մոտ 83 մլն եվրո։ Դա քիչ չէ։ Հայաստանը զբաղեցնում է մոտ 6,5% բանկի վարկային պորտֆելում, այն դեպքում, երբ բաժնետերերի կառուցվածքում նրա մասնաբաժինը կազմում է 0,5%։
«ԱՌԿԱ». ինչպե՞ս եք գնահատում երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։
Պանկին. ընդհանուր առմամբ գոհ ենք արդյունքներից։ Վատ չեն ընթանում բանկային նախագծերը։ Կարծում եմ, որ Հայաստանի բանկային համակարգը լավ վիճակում է, և դա մեծ մասամբ երկրի Կենտրոնական բանկի արժանիքն է։ Իրականացվում է շատ հստակ վերահսկողություն բանկային հատվածի նկատմամբ, բանկերն ունեն լավ կապիտալիզացիա, վատ պարտքերի չնչին ծավալ։ Սա հազվագյուտ օրինակ է, երբ փոքր երկրում բանկային համակարգը նորմալ գործում է։
«ԱՌԿԱ». ինչպե՞ս է ՍԱԶԲ-ը գնահատում Հայաստանի վարկունակությունը որպես փոխառուի` հաշվի առնելով երկրի պետական պարտքը, որը Համաշխարհային բանկի գնահատմամբ 2018 թ.-ին կազմում է 56,6%:
Պանկին. մենք երկրներ ունենք, որտեղ պարտքը շատ ավելի մեծ է, և դրանց համեմատ Հայաստանի պետական պարտքը անհույս չի երևում: Անշուշտ 57%–ը լուրջ թիվ է, սակայն դա աղետ չէ, դա չի նշանակում, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել պարտքը նվազեցնելու համար: Պետբյուջեն բալանսավորված է, և մենք մեծ պակասուրդ չենք ակնկալում: Նման իրավիճակում ամենակարևորն է չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են հանգեցնել պետական պարտքի լրացուցիչ ավելացման առանց տնտեսության աճի մեծացման:
Ընդհանուր առմամբ, հիմնական մակրոտնեսական ցուցանիշները Հայաստանում նորմալ վիճակում են. գնաճը վերահսկողության տակ է` 4%, ինչպես և նախատեսվում էր, բյուջետային պակասուրդը նորմայի սահմաններում է, ՀՆԱ-ի աճը գնահատում ենք 5,5-6%-ի սահմաններում: Բազմաթիվ երկրներ երազում են նման ցուցանիշների մասին: Այս տարի մեզ մոտ ավելացել է նաև ներդրումների ծավալը, ընդ որում աճը գրանցվում է ոչ այնքան սպառողական ծախսերի, որքան հենց ներդրումների հաշվին:
Կարևոր է, որպեսզի ոչ մի քաղաքական իրադարձություն չխախտի այդ իրավիճակը և այդ միտումը պահպանվի:
«ԱՌԿԱ». նախատեսու՞մ է, արդյոք, ՍԱԶԲ-ը նոր ռազմավարության շրջանակում ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Հայաստանում։
Պանկին. կարծում ենք, որ պետք է ավելի ակտիվ օգտագործենք առկա հնարավորությունները, ավելացնել նախագծային պորտֆելը: Հիմա այն կազմում է մոտ 1,3 մլրդ եվրո: Կարծում եմ, որ 2-3 տարում այն կարելի է ավելացնել մինչև 2,2 մլրդ եվրո: Եվ այդ ժամանակ վարկավորման ծավալի ընդհանուր ավելացման արդյունքում հնարավոր կլինի խոսել նաև Հայաստանի ֆինանսավորման աճի մասին:
«ԱՌԿԱ». տարեսկզբին ՍԱԶԲ–ը և ԵԶԲ-ն պայմանավորվել են ռազմավարական համագործակցության մասին: Ո՞րն է այդ համագործակցության էությունը, և ինչպե՞ս այն կարող է ազդել այդ բանկերի մասնակից պետությունների վրա:
Պանկին. մեր բանկերը բազմաթիվ նույնանման խնդիրներ ունեն, մենք չենք տարբերվում նաև չափսերով: Այդ իսկ պատճառով այս տարվա փետրվարին ստորագրված հուշագիրը թույլ կտա ընդլայնել մեր համագործացությունը նախագծերի համաֆինանսավորման, ակտիվների կառավարման, տեխնիկական աջակցության և ինստիտուցիոնալ ներուժի ավելացման ոլորտներում: Այսինքն, մենք կկարողանանք փոխանակվել տեղեկատվությամբ նախագծերի, գործունեության չափանիշների շուրջ և կիսել ռիսկերը: Հիմա մենք մի քանի նախագծեր ունենք քննարկման, որոնք կկարողանանք համատեղ իրականացնել:
«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն է 2019 թ.-ին համաշխարհային տնտեսության Ձեր կանխատեսումը: Արդյոք, հարկավոր՞ է ակնկալել ֆորս մաժորների:
Պանկին. կարծում եմ, որ համաշխարհային տնտեսությունում հնարավոր կլինի խուսափել աղետներից, դրա մասին են վկայում նաև ՎԶԵԲ, ՀԲ, ԱՄՀ-ի կանխատեսումները: Տնտեսական աճի տեմպերը շարունակվում են նաև ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայի երկրներում, անգամ եթե ոչ այն ծավալով, ինչպես եղել է առաջ: Իհարկե, հնարավոր չէ ամբողջությամբ բացառել խնդիրների առաջացումը: Մերձավոր Արևելքի, Սիրիայի շուրջ առկա լարված իրավիճակը լրջորեն ազդում է նաֆթի գների վրա: Հարկավոր է նաև հետևել իրավիճակին ԱՄՆ և Չինաստանի հարաբերություններում: Սրվելու դեպքում դա կարող է բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա ընդանուր առմամբ: Սակայն հանգստացնում է այն, որ արդյունքում երկներն ինչ-որ կերպ համաձայնվում են միմյանց հետ և գալիս են փոխզիջման:
Տեղեկագիր. Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։ ՍԱԶԲ–ի կենտրոնակայանը գտվում է Սալոնիկում (Հունաստան)։ ՍԱԶԲ–ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը փոխառություններ, վարկային գծեր, կապիտալ և երաշխիքներ տրամադրելու միջոցով, որոնք նախատեսված են մասնակից երկրներում գործող պետական և մասնավոր հատվածի ընկերությունների նախագծերի և առևտրային ֆինանսավորման համար։ 2018 թ.–ի հուլիսից ՍԱԶԲ–ի նախագահն է Դմիտրի Պանկինը, ով ավելի վաղ գլխավորում էր Եվրասիական զարգացման բանկը։–0–