Ոչ ռեզիդենտների ներհոսքը Հայաստան կօգնի ավելացնել ֆոնդային շուկայի իրացվելիությունը. Freedom Holding-ի համահիմնադիր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է ՀՀ-ում ընկերության ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացրել է իր փոձագիտական կարծիքը երկրի ֆոնդային շուկայի զարգացման հեռանկարների, հայկական տնտեսության աճի կանխատեսումների և համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի գնահատականի վերաբերյալ:
«ԱՌԿԱ». որո՞նք են Freedom Broker Armenia-ի ռազմավարությունը և զարգացման առանցքային ծրագրերը:
Ի. Կլյուշնև. մեր նպատակը միջնաժամկետ հեռանկարում, իհարկե, Հայաստանի ֆոնդային շուկայում առանցքային դերակատար դառնալն է։ Արդեն հիմա մենք, թերևս, ամենափորձառու դերակատարն ենք, ով մասնագիտացած է ֆիզիկական անձ - հաճախորդների հետ փոխգործակցության մեջ, հենց սա է մեր հիմնական փորձը, հիմնական բեքգրաունդը:
Երկար ժամանակ աշխատելով ֆիզիկական անձանց հետ՝ մենք հասկացանք, թե ինչպես պետք է հարաբերություններ հաստատել հաճախորդի հետ, ինչ ծառայություններ առաջարկել սկզբում և ինչ ծառայություններ՝ հետագայում: Առաջին հերթին, իհարկե, կենտրոնանում ենք կրթական ծառայությունների մատուցման վրա, քանի որ մեր ներկայության բոլոր տարածաշրջաններում բախվել ենք այն փաստի հետ, որ մարդիկ բավարար տեղեկացված չեն։ Նրանք չունեն բավարար գիտելիքներ, որպեսզի ճիշտ գնահատեն ներդրումային պրոդուկտների առավելությունները՝ դեպոզիտների կամ անշարժ գույքում կատարվող ներդրումների համեմատ։ Նաև առանցքային պահ է լայն վերլուծական տեղեկատվության տրամադրումը, առաջին հերթին, ամերիկյան շուկայի վերաբերյալ, մենք, թերևս, կենտրոնացած ենք սրա վրա: Բայց ունենք ծածկույթ, այդ թվում՝ եվրոպական շուկաների մասով։ Եվ, իհարկե, ուժեղացնում ենք ծածկույթը հայկական շուկայի մասով։
Իհարկե, մենք շահագրգռված ենք Հայաստանում բորսայի զարգացմամբ։ Մենք ուղեկցորդ ենք ներդրումների շուկայում, ուստի որքան շատ լոկացիաներ, ներդրումային տարբերակներ կարողանանք առաջարկել մեր հաճախորդներին, այնքան ավելի հետաքրքիր կլինի ընտրությունը և՛ հաճախորդների համար, և՛ մեր առաջարկների մասով:
Ըստ այդմ, ակնկալվում է նաև հայկական ընկերությունների աջակցությունը, որոնք կցանկանան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել բորսայում կամ հետագայում իրականացնել IPO: Մենք ունենք տեղաբաշխման լավ փորձ տարբեր տարածաշրջաններում: Լավ գիտենք, թե ինչ փուլեր է անցնում բիզնեսը հրապարակայնության նախապատրաստման համար։ Հետևաբար, բոլոր ջանքերը կգործադրենք տեղական շուկայում իրացվելիությունը բարձրացնելու համար, քանի որ դա Հայաստանի բորսայի համար այս պահին առանցքային կետ է, որը հետագայում կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրողների։
«ԱՌԿԱ».ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ֆոնդային շուկայի զարգացումը` հաշվի առնելով Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնումը: ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի նպատակներից մեկը ոչ ռեզիդենտների ներգրավումն է։ Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ, և ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում այս ճանապարհին։
Ի. Կլյուշնև. իհարկե, եվրոպական ուժեղ դերակատարի աջակցությունը դրական գործոն է, որը թույլ կտա բարձրացնել հայկական բորսայի, ֆոնդային շուկայի կարգավիճակը և ներդնել ավելի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Թեև տեխնոլոգիական առումով Հայկական բորսան առանձնանում է տարածաշրջանում գործող մյուս բորսաներից՝ զարգացման գործում, մասնավորապես, Nasdaq-ի մասնակցության շնորհիվ:
Իմ կարծիքով, հիմնական խոչընդոտն այն է, որ ոչ ռեզիդենտների ներգրավումը բավականին բարդ և երկար գործընթաց է: Առաջին հերթին արտասահմանում ներդրումներ են անում պրոֆեսիոնալ ներդրումային ընկերություններն ու հիմնադրամները, որոնք այնտեղ ունեն սահմանաչափեր ներդրումների մասով: Բայց, իհարկե, նրանց հետաքրքրում է իրացվելիությունը, և եթե երկրի բորսայական շուկայում բարձր իրացվելիություն չկա, ապա այս դեպքում հատկացվող սահմանաչափը բարձր չի լինի, համապատասխանաբար, նրանց ազդեցությունը շուկայի և առևտրի ծավալների վրա զգալի չի լինի:
Այս դեպքում, իմ կարծիքով, պետք է պարզապես համբերել: Ֆոնդային բորսայի և ընդհանուր առմամբ ֆոնդային շուկայի կարգավորման որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ոչ թե Կենտրոնական բանկի ազդեցությամբ, այլ հենց բորսայի նախաձեռնությամբ, որը կձգտի համապատասխանել եվրոպական և համաշխարհային չափանիշներին։
Եվ այս իրավիճակում ոչ ռեզիդենտները շատ կարևոր կետ են, քանի որ նրանք կարող են ապահովել զգալի իրացվելիություն, որն այդ թվում անհրաժեշտ կլինի ներդրողներին և վարկառուներին Հայաստանի ներսում. նրանց դերում կարող են հանդես գալ նաև պետական կառույցները:
Ուստի այդ իրացվելիությունը ներգրավելու համար մենք պետք է լինենք համբերատար և համակարգված քայլեր ձեռնարկենք ինտեգրվելու և եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար:
Մենք նույնպես ձգտում ենք մեր ներդրումն ունենալ այդ գործընթացների արագացման գործում։ Արդեն հիմա Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է գնել արժեթղթեր, որոնց առուվաճառքն իրականացվում է տեղական բորսայում։ Մենք տեղական դեպոզիտարիայի մասնակից ենք, այսինքն Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է պահպանել արժեթղթեր: Բայց մենք առաջ ենք շարժվում: Հենց հիմա, քանի որ բորսան հնարավորություն է ընձեռել միանալ իր հարթակին API-ի միջոցով, մենք ինտեգրոմ ենք դրա պրոդուկտները Tradernet-ում՝ մեր սեփական առևտրային համակարգում, որից օգտվում են Freedom Holding-ի հաճախորդներն ամբողջ աշխարհում:
Բացի այն, որ դա կավելացնի իրացվելությունն ու տեղական շուկայում ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ հանդիսացող տեղական ներդրողների կողմից պրոդուկտների գնման պարզությունը, բազմաթիվ ոչ ռեզիդենտների համար հնարավոր կդառնա հեշտ ու արագ հասանելիություն ստանալ տեղական բորսայի նկատմամբ: Սա բավականին կարևոր փաստ է, և սա արդեն ծրագիր չէ այլ մոտ ժամանակների հարց:
«ԱՌԿԱ». Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի կարծիքով, թեև Հայաստանի կապիտալի շուկան և ֆինանսական հատվածը զարգացման փուլում են, սակայն դրանք որոշակի առումով արդեն համեմատելի են եվրոպական ֆինանսական համակարգի հետ։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ուղղություններով է անհրաժեշտ ակտիվացնել աշխատանքները՝ միջազգային համակարգերին ու չափանիշներին համապատասխանելու համար։
Ի. Կլյուշնև. ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքն, իսկապես, արդեն առկա է։ Իմ կարծիքով, այն, ինչ հավանաբար պակասում է, իրացվելիությունն է, այսինքն՝ մեծ թվով արտասահմանյան ոչ ռեզիդենտ դերակատարների մասնակցությունը, ներքին դերակատարների ավելի մեծ ներգրավվածությունը։ Դա կարող են լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք:
Հիմնական ծավալը տրամադրում են, իհարկե, իրավաբանական անձինք։ Ուստի, իմ կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել հանրային բիզնեսի թափանցիկության, ներդրողների պաշտպանության նկատմամբ պահանջները, որպեսզի ներդրողն իրեն պաշտպանված զգա շուկայում։ Կարևոր է, որ հանրային ընկերությանը ներկայացվող պահանջները համարժեք լինեն, և Հայաստանի շուկայում ներկա գտնվող ընկերության կողմից անցնող ճանապարհը (փակից դեպի բաց) լինի իրական:
«ԱՌԿԱ». Հայաստանի տնտեսությունը բավականին կայուն աճ է գրանցում. Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի տնտեսության զարգացման որոշիչ գործոնները, և ի՞նչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար։ Տնտեսական աճի ո՞ր ցուցանիշն է առավել իրատեսական 2023թ.-ին:
Ի. Կլյուշնև. այն հզոր տնտեսական ազդակը, որը հիմա գրանցում է Հայաստանը, մեծապես պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով: Իհարկե, չպետք է թերագնահատել օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին։ Այն էական ազդեցություն ունի, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից շատ ընկերություններ են տեղափոխվում Հայաստան, և, իհարկե, դա դրական է ազդում տնտեսության վրա։
Եթե նայենք կանխատեսումներին, ապա այս տարվա երկրորդ կիսամյակում, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, ՀՆԱ-ի աճը կդանդաղի և սպասվում է 4,5%-ի մակարդակում: ՀՀ կառավարությունն ակնկալում է ավելի բարձր աճ՝ մոտ 7%։ Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 6-7 տոկոսի սահմաններում ընթացիկ տարվա արդյունքում:
Աճը կսկսի դանդաղել, բայց այն կախված կլինի նաև աջակցության միջոցներից։ Խոսքը, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին է։ Այժմ այն բավականին բարձր մակարդակի վրա է՝ ավելի քան 10%, 2020 թվականին այն եղել է ավելի քան 4%-ի մակարդակում։ Այսինքն տոկոսադրույքի նվազեցումը ևս դրական ազդեցություն կունենա բիզնես-ակտիվության վրա։
Ի թիվս աջակցության այլ միջոցառումների, Հայաստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել պետական ծախսերի ընդհանուր մասնաբաժինը, որը, ըստ Cbonds-ի տվյալների, 2019 թվականին ՀՆԱ-ի 24,9%-ից կաճի մինչև 28% 2023-2025 թվականներին: Նախատեսվում է նաև պետական մասնակցություն տնտեսության առանձին ճյուղերի աջակցության գործում։
«ԱՌԿԱ». մի շարք փորձագետներ հանրապետությունում երկնիշ տնտեսական աճը բացատրում են հիմնականում մեծ քանակությամբ միջոցների, մասնավորապես՝ Ռուսաստանից եկած ռելոկանտների ներհոսքով։ Ձեր կարծիքով, կարելի՞ է համարել, որ նման աճը կազդի մարդկանց կենսամակարդակի վրա, կբարձրացնի նրանց բարեկեցությունը և, ընդհանրապես, ազդակ կդառնա իրական տնտեսության աճի համար։
Ի. Կլյուշնև. կարճաժամկետ հեռանկարում՝ այո: Ստեղծված իրավիճակում ամենագլխավոր ռիսկը կանխատեսելու անհնարինությունն է, թե որքան երկարաժամկետ կլինի այդ ազդակը: Այսինքն, տարածաշրջանում քաղաքական ռելիեֆի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև կապիտալի արտահոսքի: Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության մեջ հիմնական ներդրումը կատարում են արդյունաբերական ընկերությունները: Բայց դարձյալ, ռելոկանտների ներհոսքն ունենում է երկակի ազդեցություն, այդ թվում՝ բացասական. բազմաթիվ ծառայությունների գներ աճում են, մասնավորապես, բավականին զգալի բարձրանում են բնակարանների վարձակալության գները:
Այդ պատճառով երկարաժամկետ հեռանկարում այդ ազդակը պահպանելու համար անհրաժեշտ կլինի աջակցել բիզնեսին՝ ավելի քիչ հույսը դնելով ռելոկանտների վրա: Մեր գնահատականներով, ընկերությունների և ֆիզիկական անձանց բավականին զգալի մասը կմնա տարածաշրջանում և կպահպանի բիզնես ակտիվությունը: Այդ պատճառով, իմ կարծիքով, ազդեցությունը կսկսի դանդաղել, բայց, այդուհանդերձ, այն կպահպանվի և′ այս, և′ հաջորդ տարի:
«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, ռելոկանտների քանի՞ տոկոսը կմնա Հայաստանում և կցանկանա այստեղ շարունակել բիզնեսը՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի համակարտությունը կլուծվի:
Ի. Կլյուշնև. բավականին իրական կարող է լինել մոտ 30%-ն այն ընկերություններից, որոնք հիմա ներկա են: Դրանք այն ընկերություններն են, որոնք այս կամ այն կերպ պահպանում են իրենց ներկայությունը տարածաշրջանում:
«ԱՌԿԱ». վերջին շրջանում Հայաստանում որոշակի ներդրումային բում է նկատվում։ Սա մի կողմից լավ նորություն է։ Սակայն, մյուս կողմից, շատերին առանձնապես չի ոգևորում շուկայում այդքան մեծ թվով ոչ ռեզիդենտների հայտնվելը։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ:
Ի.Կլյուշնև. այս դեպքում, ինչպես ասացի, առաջին հերթին դա այդ ազդակի անկայունությունն է։ Երկրորդն այն է, որ ռելոկանտները բացասաբար են ազդում գնաճի վրա՝ առաջացնելով ծառայությունների և ապրանքների գների աճ։
Եթե նայենք կոնկրետ ֆոնդային շուկային, ապա այստեղ ազդեցությունը կարող է շատ դրական լինել, քանի որ այս ներհոսքը կօգնի բարձրացնել իրացվելիության և մասնակցության ցուցանիշները: Օրինակ, մեր ընկերությունը հիմա ակտիվորեն ներդնում է իմ կողմից արդեն հիշատակված Tradernet տեխնոլոգիական հարթակը, որտեղ շուտով հասանելի կդառնա տեղական շուկան ինչպես Հայաստանի բնակիչների, այնպես էլ մեծ թվով օտարերկրյա ներդրողների համար, որոնք մեր հաճախորդներն են: Նման ազդեցությունն, իհարկե, դրական կլինի հենց տեղական շուկայում առուվաճառքի ակտիվության վրա ազդեցության տեսակետից:
«ԱՌԿԱ». Հայաստանում ո՞ր ուղղություններն ու ոլորտներն են առավել հեռանկարային ներդրումների համար:
Ի. Կլյուշնև. առաջին հերթին անհրաժեշտ է առանձնացնել ՏՏ հատվածը, որին պետությունն ակտիվորեն աջակցում է 2015թ.-ից, և այն ավանդաբար ուժեղ կապեր ունի Կրեմնիևյան հովտի հետ: Բազմաթիվ՝ բավականին խոշոր ընկերություններ տեղակայվում են Հայաստանում: Այս զարգացումը պահպանվում է, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում աշխատոող խոշոր, տեխնոլոգիական միջազգային ընկերություններ իրենց անձնակազմը տեղափոխել են Հայաստան: Դա կաջակցի ՏՏ հատվածին, այդ պատճառով այն, իհարկե, առանցքային է:
Առանձնացնում ենք նաև զբոսաշրջության ոլորտը։ Հայաստանը համաշխարհային ճարտարապետության հնագույն հուշարձաններ ունեցող երկիր է, իսկ ենթակառուցվածքն աճի ներուժ ունի: Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ մինչև 2030 թվականը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ծավալը կարող է հասնել 5 միլիարդ դոլարի, թեև 2018 թվականին այն եղել է 1,5 միլիարդ դոլարի մակարդակում: Հետևաբար, այստեղ աճի ներուժը բավականին զգալի է։
Կառանձնացնեի նաև գյուղատնտեսությունը: Այստեղ ենթակառուցվածքային զարգացումը՝ ճանապարհների, պահոցների ցանցի կառուցումը ևս կօգնի Հայաստանին ավելի ակտիվ մասնակցել միջազգային առևտրում:
«ԱՌԿԱ». Ձեր կարծիքով, միջնաժամկետ հեռանկարում ինչպե՞ս կզարգանան տարածաշրջանի տնտեսությունները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները:
Ի.Կլյուշնև. Հայաստանում աճի դրական դինամիկան կպահպանվի: Ներկայիս աճի երկնիշ տեմպն աստիճանաբար կդանդաղի, և մոտ 2025 թվականին երկրում ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 5%: Ինչպես ասացի, նպաստող գործոններն են որոշ ընկերությունների պահպանումը, որոնք տեղափոխվել են այլ տարածաշրջաններից, և պետության աջակցությունը, այդ թվում՝ ՏՏ ոլորտին, և օրենսդրության համապատասխանեցումը համաշխարհային պահանջներին այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս բոլոր գործոնները բավականին դրական ազդեցություն կունենան երկարաժամկետ հեռանկարում։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ աճը (տարածաշրջանային երկրներում, խմբ.) կպահպանվի։ Աշխարհում հիմա շատ լոգիստիկ շղթաներ են վերադասավորվում: Շատ երկրներ, որոնք ավելի քիչ էին ներգրավված համաշխարհային առևտրի գործընթացում, հիմա բավականին ակտիվ ներգրավվում են: Իմ կարծիքով, սա շանս է այդ երկրների համար։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մոտակա տարածաշրջաններին:
«ԱՌԿԱ». ինչպե՞ս եք գնահատում տնտեսական իրավիճակը աշխարհում: Ո՞ր երկրների շուկաներն եք համարում այսօր ներդրումների համար առավել գրավիչ:
Ի. Կլյուշնև. աշխարհում իրավիճակը ոչ միանշանակ, բայց, այնուամենայնիվ, դրական դինամիկան պահպանվում է։ ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազման գործընթաց է սպասվում, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Բայց ֆոնդային շուկայի գրանցած աճի, զբաղվածության և գործարար ակտիվության բարձր ցուցանիշների ֆոնին կան նախանշաններ, որ այս տարվա երկրորդ կեսին կլինի դանդաղում:
Օրինակ, մենք ուշադրություն ենք դարձնում այնպիսի ցուցանիշի վրա, ինչպիսինն է նոր արտադրական պատվերների և արդեն կատարվածների հարաբերակցությունը: Այս հարաբերակցությունը նվազում է, դա նշանակում է, որ նոր պատվերներն այդքան էլ շատ չեն: Այդ առաջ անցնող ցուցիչը վկայում է այն մասին, որ առաջիկայում արտադրութունը Նահանգներում կարող է դանդաղել, ինչը բացասաբար կանդրադառնա և զբաղվածության, և աշխատաշուկայի ցուցանիշների վրա: Կան ցուցանիշներ, որոնք վկայում են, որ 2023 թվականի երկրորդ կիսամյակում գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կարող է աճել.
Եվրոպայում իրավիճակն այլ է, այնտեղ այժմ աճի տեմպերն այնքան էլ բարձր չեն, որքան Նահանգներում։ Բայց եթե գնահատենք հաջորդ տարվա հեռանկարները, ապա եթե ԱՄՆ-ի համար կլինի որոշակի դանդաղում, ապա Եվրոպայի համար ցածր բազայի և զբոսաշրջության ոլորտի ավելի ակտիվ զարգացման շնրոհիվ ազդակն հավանաբար ավելի ուժեղ կլինի, քան ԱՄՆ-ում:
Զարգացող տնտեսություններից կառանձնացնեինք Չինաստանը, չնայած այս տարածաշրջանի բոլոր ռիսկերին։ ՀՆԱ-ի դինամիկայի վրա պետք է դրական ազդի և սպառողների աջակցությունը, և շատ ուժեղ ինտեգրումը համաշխարհային առևտրին: Չինաստանի հավակնություններն այժմ շատ բարձր են։
«ԱՌԿԱ». ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակը բաժնետոմսերի համաշխարհային շուկայում:
Ի.Կլյուշնև. ԱՄՆ ֆոնդային շուկան գրանցում է աճի երկնիշ ցուցանիշներ՝ մոտ 18%-ից փոքր ավելի, քան կես տարվա ընթացքում։ Սա միջինից մի փոքր բարձր է, ուստի միանգամայն հնարավոր է, որ սա առավելագույնն է ԱՄՆ շուկայի համար այս տարի: Մենք ակնկալում ենք որոշակի կայունացում և հնարավոր շտկում տարեվերջին՝ մինչև մոտ 4000 կետ S&P ինդեքսով։
Հետաքրքիր կարող են լինել առանձին ոլորտները: Օրինակ՝ ԱՄՆ-ում դա կենսատեխնոլոգիայի ենթաոլորտն է, առողջապահության ոլորտը։ Նաև շատ հետաքրքիր է արևային էներգիայի ոլորտը, որին բավականին ակտիվորեն աջակցություն է ցուցաբերվում, և այդ ոլորտին կշարունակեն աջակցել հետագայում: Եթե դիտարկենք լայն շուկաներ, ապա ԱՄՆ-ում ակնկալում ենք որոշակի նվազում։ Մենք այժմ բավականին չեզոք ենք զարգացող շուկաների հարցում՝ Չինաստանում և Հնդկաստանում:
Եվրոպական արժեթղթերը հաջորդ տարի կլինեն ավելի հետաքրքիր, քան ամերիկյան լայն շուկան:
«ԱՌԿԱ». կա՞ն ոլորտներ, որոնց խորհուրդ կտաք ֆոնդային շուկայի դերակատարներին ուշադրություն դարձնել հաջորդ տարի:
Ի.Կլյուշնև. արևային էներգետիկա: Նույն կենսատեխնոլոգիական ոլորտը, այն մեծ ճնշման տակ է որոշ ընկերությունների որոշ դեղերի գները կարգավորելու ձգտման պատճառով։ Բայց իրականում այն անդրադառնում է ոչ ամբողջ ոլորտին, և եթե խոսենք կենսատեխնոլոգիաների մասին, ապա դրանց՝ ավելի քիչ է անդրադառնում: Դրանք այս պահին ամենաթերագնահատվածներից են:
«ԱՌԿԱ». ի՞նչ կավելացնեիք ձեր ներդրումային պորտֆելում:
Ի.Կլյուշնև. ես ուշադրություն կդարձնեի նաև պարտատոմսերին։ Հիմա տոկոսադրույքները բավականին բարձր են, բայց նվազման միտում ունեն։ Իսկ դա կառաջացնի կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում։ Մենք գալիք ամիսները շատ լավ ժամանակ ենք գնահատում կարճաժամկետ պարտատոմսերից երկարաժամկետ պարտատոմսերի անցնելու առումով՝ երկար ժամանակով բարձր տոկոսադրույքներ ֆիքսելու համար։ Սովորաբար խոշոր պորտֆելները ներդրումներ են կատարում պարտատոմսերում: Հիմա շատ լավ ժամանակ է նրանց համար սեփական պորտֆելը կարճաժամկետից երկարաժամկետ պարտատոմսերի տեդափոխելու համար: Սա, իմ կարծիքով, շատ ակտուալ է։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:20 14.08.2023