Կենսաթոշակային բարեփոխումն ուղեկցվում է ռիսկերի կառավարման լուրջ ծրագրով, իսկ միջոցների վերադարձի երաշխիքները տալիս է պետությունը. նախարար

Կենսաթոշակային բարեփոխումն ուղեկցվում է ռիսկերի կառավարման լուրջ ծրագրով, իսկ միջոցների վերադարձի երաշխիքները տալիս է պետությունը. նախարար

2014 թ.–ի հունվարից Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն արդեն մի քանի ամիս մտահոգում է քաղաքացիներին և գտնվում է փորձագետների ուշադրության կենտրոնում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զրուցել է «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ հասարակությանը մտահոգող հարցերի մասին, մասնավորապես` ներդրվող համակարգի երաշխիքների և ռիսկերի, կառավարող ընկերությունների ընտրության, ինչպես նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ։

«ԱՌԿԱ» – Պրն. Ասատրյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի ընդունումից հետո հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացավ, զգալի է բարեփոխման նկատմամբ անվստահությունը` հաշվի առնելով գոյություն ունեցող ռիսկերը։ Ի՞նչ ծրագրեր են իրականացվում հնարավոր ռիսկերից խուսափելու համար։

Ա. Ասատրյան
– Ոչ մի համակարգում հնարավոր չէ 100 տոկոսով բացառել բոլոր ռիսկերը, և շատ կարևոր է, որ մենք ռիսկերի կառավարման ծրագիր ունենք։ Բանն այն է, որ բարեփոխման շրջանակներում ռազմավարական հայեցակարգի հետ միասին առանձին փաստաթղթով ներկայացված է նաև հնարավոր ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որոնց մեծ մասն առկա է այսօրվա օրենսդրական իրավական ակտերում։ Ժամանակին, մինչև համակարգի նախագծումը, մենք այդ հարցերը բարձրացրել ենք։

Ռիսկերի կառավարման ծրագրի շրջանակներում ներկայացված է երաշխիքային հիմնադրամը, վերահսկման մեխանիզմները, ակտիվները կառավարող հեղինակավոր համաշխարհային ընկերությունների ներգրավումը։

«ԱՌԿԱ» – Այդուհանդերձ, ի՞նչ երաշխիքներ է տալիս պետությունը:

Ա. Ասատրյան
– Թիվ մեկ երաշխիքը կառավարման պետական մարմինների կարգավորող գործառույթներն են` սկսած միջոցների հավաքումից մինչև ներդրումներն ու կառավարումը, որոնք հստակ ամրագրված են օրենքում։

Թիվ երկու երաշխիքը ձևավորված համապատասխան ենթակառուցվածքներն են, որոնք գործում են անկախ մարդու գիտելիքներից, ցանկությունից և կամքից։ Դրանք նախագծված, գործող համակարգեր են։

Երրորդը, կուտակված միջոցների վերադարձի` պետության երաշխիքները հստակ ամրագրված են։

Կուտակված ակտիվները կուտակողի սեփականությունն են, իսկ սեփականատիրոջ իրավունքները մեր երկրում պաշտպանված են օրենքով։ Մի՞թե կան սրանից ավելի շատ երաշխիքներ։ Բարեփոխման ուղղությամբ մենք աշխատել ենք 10 տարի` օտարերկրյա  բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ։

«ԱՌԿԱ» – Այսօր շատ է խոսվում կենսաթոշակային ֆոնդի ընտրության խնդրի մասին։ Ինչի՞ց է պետք ելնել, ինչո՞վ  ղեկավարվել ընտրելիս։

Ա. Ասատրյան 
– Որքան էլ փորձենք առավելագույն ծավալով տեղեկատվություն տրամադրել, միևնույն է, մարդիկ ղեկավարվելու են` ելնելով սեփական փորձից, իսկ դրա համար նրանց ժամանակ է հարկավոր։ Այսօր ողջ աշխարհում կենսաթոշակային համակարգերի մասնակիցների 10 տոկոսից ավելին ամենասկզբում ինքնուրույն չի կողմնորոշվում ֆոնդի հարցում, և նրանց փոխարեն ընտրությունն արվում է ավտոմատ կերպով։ Ընտրությունը թույլ է տալիս ընտրություն կատարել ցանկացած ժամանակ` հիմնվելով ակտիվների կառավարման մի քանի ամիսների արդյունքների, կառավարող ընկերությունների առաջարկած պորտֆելների համեմատության վրա։ Համաշխարհային պրակտիկան վկայում է, որ ավելի երիտասարդ տարիքում մարդիկ հակված են ընտրել ավելի ագրեսիվ պորտֆելներ, սակայն երբ մոտենում է կենսաթոշակային տարիքը, նրանք հակված են դեպի խնայողական ֆոնդերը։

«ԱՌԿԱ» – Ընդունու՞մ եք, որ բարեփոխման հետ կապված խնդիրների մեծ մասը առաջանում է տեղեկատվության պակասի կամ խեղաթյուրված լինելու պատճառով։ Նախատեսու՞մ եք բացատրական միջոցառումներ անցկացնել։

Ա. Ասատրյան
– Այո, համաձայն եմ։ Մենք փորձում ենք քաղաքացիներին տրամադրել հավաստի տեղեկատվություն` օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները։ Մասնավորապես, նախատեսում ենք ավելի բաց քաղաքականություն վարել կենսաթոշակային բարեփոխման բոլոր առանձնահատկությունների մասին հասարակությանը սպառիչ տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Դրա համար կշարունակվի բրոշյուրների և թռուցիկների տեսքով հատուկ գրականության տարածումը։ Բացի այդ, մենք օգտագործելու ենք ԶԼՄ–ների ռեսուրսը, որպեսզի զանգվածային տեղեկատվության միջոցների օգնությամբ իրազեկենք կենսաթոշակային բարեփոխման մասնակիցներին բոլոր գործընթացների մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:22 24.02.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×