Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը

15.12.2021, 11:45
Khachen-ի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում
Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը, որի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում։

Այս նախագծի գաղափարը առաջացել է 2020 թ․-ի նոյեմբերին, գաղափարի հեղինակներն են ֆինանսիստներ Արմեն Մինասյանը («Поток.Диджитал» ռուսական ներդրումային հարթակի կառավարիչ-տնօրեն) և Դարիո Պելացոն (Mikro Kapital հոլդինգի ռազմավարական նախագծերի տնօրեն)։ 2021թ․-ի հոկտեմբերին հարթակը սկսեց պաշտոնապես գործել։ Նախագծի հեղինակներն իրենց առաջնային նպատակն են համարում մինչև 2027թ․-ը ստեղծել 5 հազար նոր աշխատատեղ, դա տարեկան միջինը 130 հաջող նախագիծ է փոքր բիզնեսի ոլորտում, այդ թվում՝ գործող բիզնեսի ընդլայնումն ու նորի գրանցումը։

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Արմեն Մինասյանի և Khachen նախագծի դիտորդական խորհրդի նախագահ Ֆերդինանդո Պելացոյի հետ հարթակի գլխավոր առաքելության և Հայաստանում քլաուդֆանդինգի հեռանկարների մասին։

Армен Минасян Фердинандо Пелаццо Khachen1.jpg

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս ծագեց Khachen նախագծի ստեղծման գաղափարը։

Արմեն Մինասյան․ մեր կարծիքով, այն գործիքները, որոնք հիմա կան Հայաստանում դրամական միջոցների ներհոսքի համար, բավարար չեն։ Բարեգործությունը լուծում է խնդիրների բավականին նեղ շրջանակ։ Սփյուռքից Հայաստանում բնակվող հարազատներին և ընկերներին ուղարկվող դրամական փոխանցումները նույն բարեգործությունն է։ Բայց հեռավորության վրա տնտեսական հարցերը բարեգործության միջոցով լուծելու փորձերն ավելի շատ վնասում են, քան օգուտ են բերում։

Հայաստան դժվար է ներդրումներ ներգրավել։ Այն այնքան էլ գրավիչ շուկա չէ արտաքին ներդրողների մեծամասնության համար և′ շուկայի ծավալի, և′ եկամտաբերության ու ռիսկերի հարաբերակցության տեսանկյունից։

Նախագծի բաժնետերերը ֆինանսիստներ են։ ովքեր մասնագիտանում են փոքր և միջին բիզնեսի վարկավորման մեջ և գիտեն, թե որքան է այն կարևոր տնտեսության համար։ 2018թ․-ից ես վարկավորում եմ ՓՄՁ-ն քրաուդի միջոցով, հիմա ղեկավարում եմ Ռուսաստանում գործող ամենամեծ քրաուդլենդինգային հարթակը, մինչ այդ ղեկավարել եմ Mikro Kapital իտալական խմբի նմանատիպ հարթակը։ Հետևաբար, լավ եմ կողմնորոշվում այդ շուկայում։

Պարգևատրումների հիման վրա քրաուդֆանդինգը ձեռներեցների համար ամենահարմար գործիքն է Հայաստանի համար այս փուլում։

Ֆերդինանդո Պելացո․ 2008թ․-ի ճգնաժամից հետո և′ շուկան, և′ կարգավորիչները ստիպեցին բանկերին անընդհատ խստացնել փոքր և միջին բիզնեսին հատկացվող վարկերի տրամադրման կանոնները։ Արդյունքում, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում ՓՄՁ ոլորտի հազարավոր ձեռնարկություններ, որոնք, ըստ էության, գործում են որպես բիզնես-ինկուբատոր և սոցիալական ամորտիզատոր («սոցիալական ամորտիզատոր» ասելով՝ Իտալիայում ի նկատի ունեն բնակչության առավելի անպաշտպան շերտերին, այդ թվում՝ տարբեր ճգնաժամերի պատճառով եկամտի աղբյուրից զրկված քաղաքացիներին ցուցաբերվող աջակցության մեխանիզմները, խմբգր․), զրկվեցին աճելու կամ պարզապես գոյատևելու հնարավորությունից։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի հայտնվեն նոր մասնակիցներ՝ նոր գործիքներով, որոնք կկանգնեն բանկերի կողքին և կառաջարկեն պրոդուկտներ, որոնց հիմքում ընկած է ոչ թե բիզնեսի ընթացիկ վիճակի, այլ նրա ապագա արդյունքների գնահատականը։

Հայաստանը փոքր երկիր է՝ հարուստ պատմությամբ և հսկայական փորձով։ Եկել է ժամանակը կիրառելու այն ամենը, ինչին հայերին սովորեցրել է անցյալը՝ ապագա կառուցելու համար։ Եվ, ինչպես Իտալիայում է, ստեղծել միկրո և փոքր բիզնեսների ցանց՝ շուկայի կոնկրետ հատվածներում մրցունակությունն ավելացնելու համար։ Իմ կարծիքով, դա գլոբալիզացման դարաշրջանում գոյատևելու լավագույն միջոցն է։

«ԱՌԿԱ»․ ովքե՞ր են հարթակի բաժետերերը, որքա՞ն միջոց է ներդրվել։

Արմեն Մարտիրոսյան․ երկու գլխավոր բաժնետերերն են ես ու Դարիո Պելացոն։ Կա նաև դիտորդական խորհուդ, որը ղեկավարում է սենյոր Ֆերդինանդո Պելացոն։ Ներդրված միջոցների ծավալը կախված է նրանից, թե ինչպես կզարգանա նախագիծը։ Արագ հաջողությունը երբեմն մասշտաբավորման համար պահանջում է լուրջ ներդրումներ։ Մենք պատրաստ ենք զարգացման տարբեր սցենարների և նախատեսում ենք ներդնել մի քանի հարյուր հազար դոլար 2022թ․-ին։ Եթե այդ պլաններն անհրաժեշտ լինի շտկել, դրան ևս պատրաստ ենք։

«ԱՌԿԱ»․ պատմեք՝ ինչպե՞ս է գործելու հարթակը։

Արմեն Մինասյան․ այն արդեն գործում է։ Ամեն ինչ պարզ է․ եթե կա գործող բիզնես կամ բիզնեսի գաղափար կամ բիզնեսը եղել է, բայց տարբեր պատճառներով (պատերազմի հետևանքներ կամ համավարակ) հիմա չի գործում, օգնություն ստանալու համար կարելի է դիմել հարթակին։

Մեզ համար կարևոր է, որպեսզի բիզնեսն աշխատի Հայաստանի տարածքում, համապատասխանի հարթակի կանոններին և սկզբունքներին, որպեսզի հովանավորները (բեքերները) ստանան ապրանք կամ ծառայություն այդ բիզնեսի պրոդուկտի տեսքով։

Այս փուլում գիտակցված չենք վերցնում մեծ նախագծեր։ Որոշել ենք կենտրոնանալ հենց փոքր բիզնեսի վրա։ Սա այն սեգմենտն է, որի համար ամենից դժվար է ստանալ հասանելի ֆինանսավորում բանկերում, այն հետաքրքիր չէ արտաքին ներդրողներին։ Միաժամանակ փոքր բիզնեսը թույլ է տալիս հաջողությամբ ավարտել նման նախագծերը հասկանալի ժամկետներում։

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք պլանավորում համադրել բարեգործության և ներդրումների սկզբունքները։

Արմեն Մինասյան․ չունենք այդ երկու սկզբունքները համադրելու խնդիր։ Ավելին, 2-3 տարվա հեռանկարում մեզ համար կարևոր է, որպեսզի մեր հեղինակների նախագծերը հետաքրքրեն ոչ միայն սփյուռքին, որպեսզի դրանք գնեն ոչ թե այն պատճառով, որ ոչ անտարբեր մարդիկ ուզում են օգնել իրենց հայրենակիցներին, այլ այն պատճառով, որ այդ նախագծերը հաղթում են այլ երկրների արտադրողների հետ մրցակցության արդյունքում։

Բայց հիմա բարեգործության տարրը առկա է հետևյալ ձևաչափով․ օրինակ ես ուզում եմ մեղր գնել, ինձ համար ավելի հեշտ է խանութ մտնել և ընտրել տասնյակ արտադրողների մեղրերի շարքում։ Միաժամանակ կարող եմ գնել մեղր արցախցի ձեռներեցներից Khachen-ի միջոցով։ Հաշվի առնելով արտադրության ծավալը, հաշվի առնելով այն, որ քրաուդֆանդինգը հաճախ ենթադրում է ժամանակ նախագծի իրականացման համար, արցախցի ձեռներեցի մեղրը զիջում է խանութին մրցակցության արդյունքում։ Այսինքն, հովանավորը կստանա մեղրը, որն ամենայն հավանականությամբ կլինի ավելի թանկ առաքման պատճառով, այն միանգամից չի ստանա, այլ օրինակ 2-3 ամիս անց։ Այս սահմանափակումներն էլ հենց բարեգործության տարրն է գործարքում։

Ֆերդինանդո Պելացո․ սա գործընթաց է, որտեղ երկու տարրերը կարող են համատեղ գոյություն ունենալ, և չկա դրանց տոկոսային հարաբերակցությունը սահմանող կոնկրետ կանոն։ Գաղափարն, ամեն դեպքում, ՓՄՁ-ի և առանձին ձեռներեցների զարգացումը խթանելն է, օգնել նրանց բարեգործությունից անցում կատարել դեպի բիզնես, որպեսզի բարեգործության տարրը լինի միայն առաջին քայլը լիարժեք բիզնեսի ճանապարհին։

«ԱՌԿԱ»․ քանի՞ նախագիծ կա հարթակում։ Կա՞ն ընտրության սկզբունքներ։ Կա՞ ոլորտային ուղղվածություն։

Արմեն Մինասյան․ գործարկման պահին հարթակում ինը նախագիծ է։ Մինչև 2021թ․-ի վերջը կլինի ևս 2-3 նախագիծ։ Հաջորդ տարի՝ մի քանի տասնյակ։

Նախագծերն ընտրվում են վերը նշված սկզբունքներով։ Բացի այդ, նախագծի հեղինակը պետք է ունենա արշավի հստակ նպատակ, մենք ապրանքն իրացնելու մարքեթինգային վայր չենք, նման հարցումները մերժվում են։ Հեղինակը պետք է հասկանա, թե որքան գումար է հարկավոր՝ կոնկրետ, շոշափելի նպատակին հասնելու համար։ Օրինակ, կա չրերի արտադրող։ Գործող արտադրությունն ընդլայնելու, նոր սարքավորումներ գնելու, վերանորոգում կատարելու, երեք լրացուցիչ աշխատատեղ ստեղծելու համար նրան հարկավոր է օրինակ 20 հազար դոլար։

Հեղինակը պետք է հստակ հասկանա, թե ինչ ժամկետում կարող է արտադրել և հովանավորներին փոխանցել արտադրանքը, այն ծավալով, որը հավասար է հարթակում հավաքված գումարին։

Երբ տեսնում ենք, որ նախագծի հեղինակն իրատեսական է գնահատել բոլոր փուլերը, կարելի է անցնել ձևակերպմանը՝ տեսանյութերի, լուսանկարների պատրաստում, մարքեթինգային նկարագրություն։

Խոսելով ոլորտների մասին՝ դա ագրարային ոլորտն է, ինչ-որ բանի արտադրությունը, տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, սպորտն ու մշակույթը։ Իրականում, ամեն ինչ։ Կրկնեմ, մենք ունենք երեք հիմնական պայման․

1) Հայաստանի տարածքում գործող բիզնես կամ նախագիծը կարող է օգուտ բերել Հայաստանին
2) Նախագիծ, որտեղ հովանավորները կարող են ձեռք բերել ապրանք կամ ծառայություն, ոչ բարեգործություն
3) Հարթակի Կանոնների և սկզբունքների պահպանում

Ֆերդինանդո Պելացո․ կարծում եմ՝ նախագծերի ընտրության կարևորագույն չափորոշիչն այն է, որ բիզնեսի պրոդուկտը կամ ծառայությունն ուղղակի կամ անուղղակի օգուտ է բերում Հայաստանին։

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում քրաուդֆանդինգի շուկայի հեռանկարները։

Արմեն Մինասյան․ Հայաստանում քանի՞ բարեգործական կազմակերպություն կա։ Հարյուրավոր կամ հազարավոր։ Ինձ թվում է, եթե Երևանի կենտրոնում բղավես․ «Ո՞վ ունի բարեգործական հիմնադրամ», նույնիսկ դռնապանը ձեռք կբարձրացնի։

Իսկ քանի՞ քրաուդֆանդինգային նախագիծ կա։ Միայն հիմա գործարկվում է 2-3-ը։

Բայց նախ եկեք որոշեք, թե ինչ է քրաուդֆանդինգը։ Չէ՞ որ այն շատ տարբեր է՝ բարեգործական քրաուդֆանդինգից մինչև պարտքային ֆինանսավորում կամ վենչուրային ներդրումների նմանակներ (equity crowdfunding)։ Հարյուրավոր տարբեր լուծումներ ամբողջ աշխարհում, սակայն լայն լսարանը տեղյակ չէ այս մանրամասներից։

Երկրորդը, ինչ պետք է հաշվի առնել, երբ խոսում ենք հեռանկարների մասին այն է, որ Հայաստանում դեռ չկա օրենք քրաուդֆանդինգի մասին` ի տարբերություն նույն Ռուսաստանի, որտեղ հստակ նշված է, թե որ քրաուդ–գործունեությունն է լիցենզավորվում ԿԲ–ի կողմից, իսկ որը` ոչ, ինչպես իդենտիֆիկացնել հեղինակներին/փոխառուներին/հովանավորներին/ներդրողներին և երբ է դա պետք անել, երբ` ոչ։ Օրենքում ներկայացված են այն բոլոր հարցերը, որոնք կարող են ծագել և ծագում են հարթակի աշխատանքի ժամանակ։ Հարթակի մշակումը տևել է մի քանի տարի. 2018թ.–ից ես ներառված էի աշխատանքային խմբում ՌԴ ԿԲ–ի աշխատակիցների հետ միասին և ապահովում էի հետադարձ կապ բիզնեսի կողմից։ Հայաստանում դեռևս հույս ունենք, դեռ օրենք չկա։ Եվ այն միանգամից չի հայտնվի, պետք է որոշակի ժամանակ անցնի։

Այդ պատճառով եթե խսում ենք շուկայի հեռանկարների մասին, այն կարող է և պետք է լինի բարեգործական հիմնադրամների ծավալից ոչ պակաս։ Բայց հիմա դեռ դժվար է կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, արտաքին գործոնները չափազանց շատ են։

Ֆերդինանդո Պելացո. ամենուր կլինի քրաուդֆանդինգ։ Ինչպես լիզինգը, ֆակտորինգն ու միկրովարկավորումը, այս պրոդուկտները կգոյատևեն գլոբալ շուկայում, եթե անգամ դրանց տարածումը տատանվի` կախված տեղական շուկաների առանձնահատկություններից։ Ես ընդհանրապես չեմ կասկածում, որ քրաուդֆանդինգը Հայաստանում ինտենսիվորեն զարգանալու է։–0–