Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանին հաջողվել է վերացնել բարձր գնաճը և շտկել բանկային համակարգի խնդիրները. ԱՄՀ

08.06.2017, 18:45
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Թաո Ժանգի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը:
Հայաստանին հաջողվել է վերացնել բարձր գնաճը և շտկել բանկային համակարգի խնդիրները. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Թաո Ժանգի բացառիկ հարցազրույցն «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Իր վերջին՝ ապրիլյան վերանայման ժամանակ ԱՄՀ-ն  բարձրացրել է համաշխարհային տնտեսական աճի իր գնահատականը: Չնայած դրան՝ տնտեսագետները, վերլուծաբանները և պետությունների ներկայացուցիչները հոռեստես են համաշխարհային տնտեսության ապագա հեռանկարների հարցում: Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական այդպիսի հոռետեսությունը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն:

Թաո Ժանգ. Իրոք, նկատում ենք, որ համաշխարհային տնտեսությունը թափ է հավաքում, քանի որ տնտեսության վերականգնմամբ ավելի մեծ թվով աշխատատեղերի, ավելի բարձր եկամուտների  և ավելի մեծ բարեկեցության հեռանկար է բացվում: Մեր՝ 2017 թ. «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում  կանխատեսել էինք, որ  համաշխարհային տնտեսական աճը  2016 թ. 3.1 տոկոսից 2017 թ. կբարձրանա մինչև 3.5 տոկոս, և 2018 թ. 3.6 տոկոս, որին կօժանդակեն զարգացած տնտեսություններում ավելի բարձր աճը, Չինաստանում քաղաքականության աջակցությունը և ճնշման տակ հայտնված զարգացող տնտեսություններում ակտիվության աստիճանական կարգավորումը:

Համաշխարհային տնտեսական աճի փոքր-ինչ ավելանալու միտումը դրական լուր է, սակայն աշխարհի առջև դեռևս շարունակում են ծառանալ բազմաթիվ մարտահրավերներ, օրինակ՝ գործազրկությունը դեռևս չափազանց բարձր է, իսկ անհավասարությունը՝  համատարած: Ահա հենց այդտեղից  կարող է առաջանալ Ձեր  նշած հոռետեսությունը: Նշված մարտահրավերներին դիմագրավելու համար մենք հորդորել ենք որդեգրել եռակողմ մոտեցում՝ դրամավարկային, հարկաբյուջետային և կառուցվածքային գործողություններով  տնտեսական անկման ռիսկերից խուսափելու և համաշխարհային ֆինանսական կայունությունը բարելավելու համար: Մենք խրախուսում ենք նաև միջազգային համագործակցության ընդլայնումը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ են Հայաստանում արդյունավետ եղել ԱՄՀ ֆինանսավորմամբ ծրագրերը: Դրանց նպատակներն իրագործվե՞լ են և դրանք ի՞նչ դեր են կատարել տնտեսության մեջ:

Թաո Ժանգ. Նախ՝ թույլ տվեք Հայաստանին շնորհավորել ԱՄՀ անդամակցության 25-րդ տարեդարձի առթիվ: Մենք Հայաստանի հետ եղել ենք գործընկերներ և ունենք կառուցողական համակագործակցության երկարատև պատմություն: Անկախությունից ի վեր Հիմնադրամը Հայաստանին տրամադրել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն և քաղաքականության շուրջ խորհրդատվություն: Մեր ծրագրերն արդյունավետ են եղել՝ սատարելով Հայաստանի անցումը կենտրոնական պլանային տնտեսությունից շուկայահենք տնտեսության և վերջերս իր կարգավիճակի բարձրացումը միջին եկամտով երկրի: Հայաստանին հաջողվել է վերացնել բարձր գնաճը և շտկել բանկային համակարգի խնդիրները, և այժմ այն ունի աճող տնտեսություն, որն ապահովում է ավելի լավ վարձատրվող աշխատատեղեր և ավելի լավ ենթակառուցվածքներ: Վերջին մի քանի տարվա ընթացքում շուկաները ողջունել են նաև Հայաստանի կողմից երկու եվրապարտատոմսերի առաջին թողարկումը:

«ԱՌԿԱ». Ի՞նչ հիմնական խնդիրներ է ԱՄՀ-ն տեսնում ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության մեջ: Վերջին 10 տարվա ընթացքում այս երկրներում ԱՄՀ-ն որևէ առաջընթաց նկատու՞մ է:

Թաո Ժանգ.  Տնտեսական աճն ընդլայնվել է Կենտրոնական, Արևելյան և Հարավ-արևելյան Եվրոպայի (ԿԱՀԱԵ) երկրներում: Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) և Թուրքիայից դուրս բարձր տնտեսական աճը պահպանվել է՝ պայմանավորված հարմարվողական քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ Ռուսաստանը և ԱՊՀ  մյուս երկրները վերջապես գտնվում են վերականգնման ուղու վրա, ընդ որում նավթի գների ամրապնդումը բարձրացնում է ակտիվությունը: Թուրքիայում, քաղաքական անորոշության աճի հետևանքով կտրուկ նվազելուց հետո, տնտեսական աճը մասամբ վերականգնվել է:

Հայաստանը Կովկասի և Կենտոնական Ասիայի (ԿԿԱ) տարածաշրջանի, ինչպես որ այն անվանում ենք ԱՄՀ-ում, մասն է: ԿԿԱ-ն վերջերս է տոնել անկախության 25-ամյակը, և շատ ձեռքբերումներ են եղել, սակայն դեռևս զգալի անելիքներ կան: 2016 թ. տնտեսական ակտիվության զգալի դանդաղումից հետո ակնկալվում է, որ 2017 թ. տնտեսական աճը կավելանա և 2018 թ. ավելի կարագանա: Սակայն, աճի համար նպաստավոր հարկաբյուջետային կոնսոլիդացումն անհրաժեշտ է առանց հապաղման շարունակել, իսկ դրամավարկային քաղաքականության ծրագրերն անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել՝ որոշ երկրներում փոխարժեքի ճկության ավելացմանն օժանդակելու համար: Ֆինանսական հատվածներում թերություններն անհրաժեշտ է հրատապ կարգավորել՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու և հանրային ֆինանսների վրա հնարավոր ազդեցությունը սահմանափակելու համար: Միջնաժամկետ աճի հեռանկարների համեմատաբար զսպված լինելու պարագայում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը կարևոր է տարածաշրջանի տնտեսությունների բարեհաջող բազմազանեցման համար:

«ԱՌԿԱ». Ի՞նչ խորհուրդ կտայիք սահմանափակ ռեսուրսներով փոքր երկրին, ինչպիսին Հայաստանն է, տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովման և երկրում աղքատությունը հաղթահարելու համար:

Թաո Ժանգ. Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկը բարեփոխման ջանքերի պահպանումն է՝ կայուն, ներառական աճի ապահովման համար: Այս բարեփոխումները կօգնեն օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների և կրթության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և  գործարարության մթնոլորտի բարելավմանը: Հմտությունների կատարելագործումն ու կարողությունների ստեղծումը ևս շատ կարևոր է: Շուկայի պահանջներին հմտությունների համապատասխանեցումը կօգնի հայաստանցիների համար ավելի լավ աշխատատեղեր առաջարկելու և եկամտի մակարդակն ավելացնելու հարցում: Ավելին, Հայաստանին դեռևս անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել ենթակառուցվածքներն, ինչն էլ իր հերթին կօգնի աշխատատեղեր ստեղծող տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշների ապահովման հարցում:

«ԱՌԿԱ». Զարգացման և աջակցության ի՞նչ նոր ծրագրեր է ԱՄՀ-ն առաջարկում երկրներին՝ իրենց տնտեսական խնդիրների հաղթահարման համար: ԱՄՀ-ն վարկավորումից բացի ուրիշ ի՞նչ է առաջարկում երկրներին:

Թաո Ժանգ. ԱՄՀ-ն անդամ երկրներում շատ ձևերով է օգնում  ուժեղ տնտեսություն կառուցելու և պահպանելու հարցում: Նախ՝ մենք առաջարկում ենք վարկային տարբեր գործիքներ՝ համապատասխանեցված երկների կարիքներին: Օրինակ՝ Հայաստանն ունի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիր» (EFF),  որը հենվում է խորը և հարատևող կառուցվածքային բարեփոխումների իրականացման վրա: Սակայն մենք անում ենք շատ ավելին, քան վարկերի տրամադրումը. մենք խորհրդատվություն ենք տրամադրում և անդամ երկրներին օգնում ենք իրենց տնտեսական քաղաքականության իրականացման հարցում՝ մեր տարեկան տնտեսական ուսումնասիրությունների շրջանակում (այսպես կոչված՝ խորհրդակցություններ IV հոդվածի շրջանակում): Բացի այդ, մենք տեխնիկական աջակցություն և ուսուցում ենք իրականացնում ԱՄՀ-ի փորձառության հիմնական ոլորտներում՝ կարողությունների զարգացմանն օգնելու համար: Այն կարող է երկրներին օգնել հանրային եկամուտների գոյացման, բանկային համակարգերի արդիականացման և մակրոտնտեսական ու ֆինանսական վիճակագրության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը կատարելագործելու հարցում:

«ԱՌԿԱ». Որո՞նք են համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրները և որո՞նք են դրա աճը զսպող գործոնները:

Թաո Ժանգ. Համաշխարհային տնտեսությունը թափ է հավաքում, սակայն հեռանկարներն ըստ երկրների տարբերվում են, և ռիսկերը պահպանվում են: Ռիսկերը, որոնք մեզ  հիմնականում մտահոգում են, քաղաքականության շուրջ անորոշության ավելացումն է, Չինաստանի ֆինանսական խոցելիություններն են և դեպի երկրների ներս քաղաքականության ուղղվածություն փոփոխությունն է: Իդեալական առումով մենք կցանկանայինք, որ շեշտադրումը լիներ զարգացած տնտեսություններում ներառական աճը խթանող քաղաքականությունների վրա: Մեզ նաև անհրաժեշտ են քաղաքականություններ, որոնք ապահովում են կայունություն և օգնում են զարգացող տնտեսությունների խթանմանը: Եվ իհարկե համաշխարհային տնտեսության ընդլայնումը պահպանելու համար առանցքային է բազմակողմ համագործակցությունը:

«ԱՌԿԱ». Մի քանի տարի առաջ զարգացող երկրների տնտեսություններն ազգային արժույթների արժեզրկման պատճառով հայտնվեցին ճնշման տակ: Ինչպիսի՞ն են զարգացող երկրների արժույթի միջնաժամկետ հեռանկարները և ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորեն դոլարն ու եվրոն քաղաքական նոր իրականության մեջ:

Թաո Ժանգ. Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին դրսևորվեցին արժույթի համաշխարհային շուկաների վրա ազդող մի քանի տնտեսական գործոններ, որոնց թվում էին նավթի գների անկումը  և ԱՄՆ -ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման ուղղված քայլը: Միաժամանակ Եվրոպական կենտրոնական բանկը շարունակել է պայմանների քանակական մեղմացումը: Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպքում, Հայաստանը ներառյալ, կարելի է ավելացնել նաև հիմնական առևտրային գործընկերների տնտեսության աճի դանդաղումը: Մինջնաժամկետ հեռանկարում զարգացող շուկաների արժույթների տատանողականությունը կպահպանվի, քանի որ դրանք կապված են ԱՄՆ-ում դրամավարկային պայմանների ավելի արագ խստացման սպասումների և անորոշությունների ավելացման հետ (ներառյալ հովանավորչական քաղաքականությունների), ընդ որում առավել ազդեցություն կկրեն թուրքական լիրան և մեքսիկական պեսոն:

«ԱՌԿԱ». Ժամանակակից տնտեսության առավել լայնորեն  քննարկված խնդիրներից մեկը բնակչության տարբեր շերտերի եկամուտների միջև տարբերության արագ ավելացումն ու անհավասարության աճն են: Ինչո՞վ են պայմանավորված նման զարգացումները: Համաշխարհային տնտեսության մեջ ի՞նչ վերափոխում է անհրաժեշտ անհավասարությունը հարթելու համար: ԱՄՆ-ն ներկա իրավիճակում ի՞նչ լուծում է տեսնում:

Թաո Ժանգ. Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Թույլ տվեք մեջբերել ԱՄՀ-ի կառավարիչ տնօրենի խոսքը, ով այս տարի ավելի վաղ ասել էր, որ տնտեսական աճը չափազանց ցածր է, չափազանց երկար ժամանակ և հօգուտ չափազանց քչերի: Դրանով հանդերձ անհավասարությունը երկրների ներսում տարբեր է: Եթե շատ երկրներում անհավասարության աճ է գրանցվել, երկրների միջև անհավասարությունը նվազել է՝ հիմնականում պայմանավորված զարգացող այնպիսի տնտեսություններում մեկ շնչի հաշվով եկամուտների արագ աճով, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը: Միջազգային կարծիքի հարցումները վկայում են, որ անհավասարության աճն ուղեկցվել է վերաբաշխման համար աջակցության ավելացմամբ, այդ թվում՝ գենդերային անհավասարություններին արձագանքելու համար:

Տնտեսական մի շարք քաղաքականություններ, այդ թվում՝ հարկաբյուջետային և աշխատաշուկայի,  կարող են օգնել անհավասարության աճին վերաբերող մտավախությունների փարատմանը: Սակայն այդ քաղաքականություններն անհրաժեշտ է ուշիուշով նախագծել՝ անհավասարության նպատակները հավասարակշռելով արդյունավետության խթանների պահպանման անհրաժեշտության հետ:

ԱՄՀ-ն տեխիկական աջակցություն է ցուցաբերում ավելի մեծ արդարության հասնելու քաղաքականությունների նախագծման ուղղությամբ: Վերջին նախաձեռնություններից մեկը, որը մեկնարկեց 2015 թ., նպատակ ունի բարելավել մեր տարեկան տնտեսական ուսումնասիրությունների ժամանակ անհավասարության հարցերի շուրջ քննարկումները:

«ԱՌԿԱ». Վերջերս ԱՄՀ-ն քննարկման փաստաթուղթ հրապարակեց՝ «Կոռուպցիա. Ծախսեր և մեղմման ռազմավարություններ»: Որո՞նք են զեկույցի հիմնադրույթները: Արդյո՞ք ԱՄՀ-ն կոռուպցիայի էապես նոր մոտեցումներ կկիրառի երկրներին ֆինանսավորում տրամադրելիս:

Թաո Ժանգ. Իրոք, ԱՄՀ-ն իր աշխատանքում ավելի մեծ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի խնդիրներին: Սա շատ կարևոր թեմա է: Անհրաժեշտ է ընդգծել երեք հիմնական կետ. կոռուպցիան խաթարում է աճը և տնտեսական զարգացումը, կոռուպցիայի տնտեսական և սոցիալական գինը բարձր է, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության առանցքային գործոններն են թափանցիկությունը, արդյունավետ հաստատությունները և առաջնորդումը: Հիմնադրամն ուժեղացրել է իր ներգրավվածությունը  կոռուպցիայի հարցերի ուղղությամբ, այդ թվում՝ 2016 թ. մայիսին հրապարակելով «Կոռուպցիա. Ծախսեր և մեղմման ռազմավարություններ» զեկույցը: Հենվելով այդ աշխատանքի վրա՝ ԱՄՀ-ն իրականացնում է անցյալ քսան տարիներին կառավարման հարցերում իր ներգրավվածության ուսումնասիրություն: -0-