Relevant–ի տնօրեն. աշխատաշուկան անկման մեջ է, սակայն կան մասնագիտություններ, որոնք դեռ պահանջված են

Relevant–ի տնօրեն. աշխատաշուկան անկման մեջ է, սակայն կան մասնագիտություններ, որոնք դեռ պահանջված են

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Միջին և բարձր օղակի մասնագետների որոնմամբ (executive search) զբաղվող Relevant ընկերության հիմնադիր և տնօրեն Սևադա Բաղդյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։

Ինչպե՞ս փոխվեց ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկման պահից: 

Ս. Բաղդյան. Մեր թիմի մի մասը նախկինում էլ էր աշխատում հեռավար, իսկ մարտի 12-ից սկսած ամբողջ աշխատանքն իրականացնում ենք միայն տանից։ Պետք է ասեմ, որ այդքան էլ դժվար չի տանից աշխատելը, քանի որ տեխնոլոգիաները թույլ են տալիս մեր աշխատանքը լիարժեք իրականացնել հեռավար։ Գործատուների հետ քննարկումներն իրականացնում ենք նամակագրությամբ կամ տեսազանգով։ Թեկնածուների հետ հարցազրույցը և տեստավորումը նույնպես անցկացնում ենք տեսազանգի օգնությամբ։ 

Relevant–ը տարբեր ընկերությունների համար փնտրում է միջին և բարձր օղակի ղեկավարներ, կասեք ինչպիսի՞ ազեցություն է թողել կորոնովաիրուսն աշխատաշուկայի վրա, կա՞ն հետազոտություններ։ 

Ս. Բաղդյան. Այս պահին կդժվարանամ հստակ թվեր ասել, քանի որ օր օրի նրանք փոխվում են, բայց ազդեցությունը շատ մեծ է։ Գրեթե բոլոր ոլորտներում կա շրջանառության ծավալի կտրուկ անկում և այն ընկերությունները, որոնք չունեն խնայած գումար կամ այլ հնարավորություններ աշխատավարձերը լիարժեք վճարելու համար, ստիպված իրականացնում են կրճատումներ։ Այս տենդենցը կարծում եմ դեռ երկար կշարունակվի։ Նույնիսկ եթե մոտ ժամանակներս վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, որոշ ոլորտներում միևնույն է դեռ շատ երկար ժամանակ չեն կարողանա հետ գալ հին ծավալների։ Այսինքն կրճատումները կշարունակվեն նաև հետճգնաժամային շրջանում։ 

Այս ամենը, իհարկե, ազդում է նաև նոր աշխատակիցներ ընդունելու վրա։ Շատ ընկերություններ հետաձգում են թիմի համալրումը մինչև կրկին կգան արևոտ օրեր բիզնեսի համար։ 

Պետությունն իր հնարավորության սահմաններում տարբեր ծրագրերով աջակցում է ընկերություններին, որպեսզի կարողանան կատարել իրենց աշխատավարձային պարտականությունները։ Սակայն, ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի ճգնաժամը լինի անցավ։ 

Այդ դեպքում ինչպե՞ս եք դիմակայում աշխատաշուկայի այսպիսի անկման պարագայում։  

Ս. Բաղդյան. Կա մի պարզ ճշմարտություն՝ լավ մասնագետները միշտ պահանջված են և նրանց երբեք հեշտ չի գտնել։ Այդ պատճառով գործատուները շարունակում են դիմել մեզ։ Սակայն սա չի նշանակում, որ մեր ընկերությունը չունի ծավալների կրճատում։ 

Այո՛, աշխատաշուկան անկման մեջ է, սակայն կան մասնագիտություններ, որոնք պահանջված են դեռ։ Հիմնականում դրանք այն ոլորտներին են վերաբերվում, որոնց աշխատանքը չի դադարացվել, ինչպես նաև չունեն էական շրջանառության կորուստ։

Այս օրերին լավ մասնագետների պահանջ ունեն ընկերություններ, որոնք գործում են օնլայն հաղորդակցության և օնլայն խաղերի ոլորտում։ Պահանջված են նաև էլեկտրոնային առևտրի և առաքման հետ առնչվող մասնագետները։ Մեծ է հետաքրքրությունը նաև ճգնաժամային կառավարիչների նկատմամբ, որոնք կարող են օգնել բիզնեսը ծանր վիճակից դուրս բերելուն։ Բիզնեսներն աշխատակիցների և գործընկերների հանդեպ պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված հաճախ են կարիք ունենում քաղ․ իրավունքի գծով իրավաբանների։ 

Գործատուների պահանջով աշխատակից փնտրելուց բացի, վերջին օրերին ակտիվացել է մեր կողմից տրամադրվող մյուս ծառայությունները, որոնք մինչ այս պահը քիչ պահանջված էին։ Դրանք են` կարիերայի աճի խորհրդատվություն մասնագետների համար, ովքեր այս պահին կարիք ունեն կողմնորոշվելու՝ ինչպես պլանավորեն իրենց կարիերան, որպեսզի հետագայում խուսափեն առանց աշխատանքի մնալուց, թիմի/անձնակազմի կառուցման/վերակառուցման խորհրդատվություն ընկերությունների համար, որոնք արտադրական ծավալների կրճատման պատճառով ստիպված են կրճատել անձնակազմին։ Այս դեպքում մենք նրանց օգնում ենք այս պրոցեսը կազմակերպել ճիշտ և առավելագույնս անցավ և աշխատակիցների և բիզնեսի համար։ 

Ի՞նչ խորհուրդ կտաք կրճատումների առաջ կանգնած բիզնեսմեններին և պարապուրդի մեջ գտնվող մասնագետներին։ 

Ս. Բաղդյան. Կրճատումներն ունեն նպատակ բիզնեսն առողջացնելու և նրա կյանքը երկարացնելու։ Շատ կարևոր է, որ կրճատումները կատարվեն խելամիտ և պատճառ չդառնան շրջանառության ծավալների էլ ավելի կրճատման։ Ծախսերի արդյունավետ կրճատման համար իմ խորհուրդն է՝ վերցնել որևէ բիզնես գործընթաց կամ հաստիք և չափել նրա ազդեցությունը շահույթի և հասույթի վրա, այնուհետև հաշվել այդ գործընթացի կամ հաստիքի արժեքը։ Արդյունքում կարելի է կատարել կրճատումներ, որոնք բիզնեսի համար կլինեն քիչ ցավոտ։ 

Սակայն պետք չի մտածել միայն կրճատումների մասին, ցանկացած ժամանակ հնարավոր է գտնել եկամտի նոր աղբյուր։ Իսկ մասնագետներին, ովքեր ազատ ժամանակ են ձեռք բերել, խորհուրդ կտամ հոլիվուդյան սերիլաներ և ֆիլմեր դիտելու փոխարեն, զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքներ ձեռք բերելով։ Բոլոր ժամանակներում՝ այդ թվում ճգնաժամից հետո, իրենց եկամուտն ուղիղ համեմատական է լինելու իրենց գիտելիքների հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:34 16.04.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×