Զարգացման հայկական գործակալությունը Հայաստանի տնտեսություն է ներգրավել մոտ 370 մլն դոլարի օտարերկրյա ներդրում
Արդեն 16 տարի է` Զարգացման հայկական գործակալությունն աշխատում է տեղական շուկայում՝ ձգտելով հնարավորին չափ արդյունավետ օգտագործել իր մեխանիզմները ուղիղ օտարերկրյա ներդրումների ներգրավման և արտահանման խթանման հարցում: «ԱՌԿԱ» գործակալության հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության այն ծրագրերն ու խնդիրները, որոնց նպատակն է Հայաստանի համար ձևավորել այնպիսի երկրի վարկանիշ, որտեղ կարելի է զբաղվել բիզնեսով:
«ԱՌԿԱ» - Ի՞նչ դերակատարություն է ունեցել Զարգացման հայկական գործակալությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում:
Ռ. Հարությունյան – Գործակալության ներգրավված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 370 մլն դոլար: Միաժամանակ ստեղծված աշխատատեղերի թիվը հասել է 1305-ի: Օտարերկրյա ներդրումներն ուղղվել են հետևյալ ոլորտներ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, ենթակառուցվածքի շինարարություն, հանքարդյունաբերություն, անշարժ գույք, էներգետիկա, ծառայությունների ոլորտ, արտադրություն և խմելու ջրի շշալցում, գյուղատնտեսություն, ոսկերչություն, ապակու արտադրություն:
«ԱՌԿԱ» - Կցանկանայինք ավելի մեծ պատկերացում կազմել ներդրումների ուղղվածության մասին...
Ռ. Հարությունյան- Առավել մասշտաբային ներդրումային նախագծերից չեմ կարող չնշել, մասնավորապես, Երևանում «Հայաս» ժամանակակից միկրոթաղամասի շինարարությունը (150 մլն դոլար), Չարենցավանում գործարար-կլաստերի ստեղծումը (10 մլն դոլար), ոսկերչության ոլորտում արված ներդրումները (5 մլն դոլար):
Գործակալությունը երեք տարում ավելի քան 7 մլն դոլար է ուղղել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, ամենախոշոր ներդրողներն են R&D կանադական ընկերությունն ու «Synopsis» ընկերությունը: Շինարարության ոլորտում ներդրվել է ավելի քան 140 մլն դոլար: ԶՀԳ-ի հետ գործընկերության շնորհիվ Ecorys. Management MIX և Armenbrok ընկերությունները 10 մլն դոլար են ներդրել Հայաստանի անշարժ գույքի ոլորտում: Ավելի քան 7 մլն դոլար է ներդրվել տուրիստական ենթակառուցվածքի զարգացման մեջ, իսկ 43 մլն դոլար է ուղղվել «Glassworld» ընկերության կողմից ապակե տարաների արտադրության կազմակերպման համար:
«ԱՌԿԱ» - Այժմ ի՞նչ նախագծերի վրա է աշխատում գործակալությունը:
Ռ. Հարությունյան – Գործակալությունը դեղորայքային հումքի արտադրության նախագիծ է իրականացնում Ա. Լ. Մնջոյանի անվան Գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, «Ազադ ֆարմասյութիքըլ ինգրեդիենթս AG»-ի և ԶՀԳ-ի միջև այս տարի ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ շվեյցարական ընկերությունը նախագծի իրականացման համար կներդնի 5 մլն դոլար: Սկզբնական փուլում արդեն հատկացվել է 1,5-2 մլն դոլար՝ դեղագործական լաբորատորիայի կառուցման նպատակով, որը պետք է բացվի աշնանը, ինչպես նաև՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Մեր նախնական գնահատականներով՝ նախագծի հաջող իրականացման դեպքում դեղորայքի արտադրության ծավալը կարող է կազմել մինչև 30 մլն դոլար: Այս նախագիծը հետաքրքիր է ոչ միայն ներդրումների տեսակետից, այլ նաև դեղագործական հատվածի զարգացման տեսանկյունից, որը մինչև հիմա Հայաստանում այդքան էլ զարգացած չէ: Ունենալով սեփական հումքային բազա Հայաստանում՝«Ազադ ֆարմասյութիքըլ ինգրեդիենթս AG»-ին կկենտրոնանա մի քանի դեղորայքի արտադրության վրա: Միաժամանակ արտահանման համար կարտադրվեն ակտիվ դեղորայքային նյութեր:
«ԱՌԿԱ» - Որ՞ շուկաների համար է նախատեսված այդ արտադրանքը:
Ռ. Հարությունյան – Սպառման հիմնական շուկաները կլինեն Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական երկրները, Կանադան:
«ԱՌԿԱ» - Ինչո՞վ է բացատրվում հենց դեղագործական արդյունաբերության նկատմամբ առկա նման հետաքրքրությունը:
Ռ. Հարությունյան – Այս ոլորտում մենք մշակումների պակաս ունենք և շատ կցանկանայինք, որ օտարերկրյա ընկերությունների կողմից իրականացվող դեղագործական հետազոտությունների մի մասը տեղափոխվի Հայաստան: Սա հնարավորություն կտա մեր մասնագետներին զարգանալ, ծանոթանալ համաշխարհային բարձր տեխնոլոգիական մշակումներին, որոնց օգնությամբ հետագայում Հայաստանի համար կստեղծվի ինտելեկտուալ երկրի վարկանիշ, որտեղ կարելի է զբաղվել նման հետազոտություններով:
«ԱՌԿԱ» - Որո՞նք են ԶՀԳ-ի գործունեության ընթացքում իրականացված ամենահաջողված նախագծերը:
Ռ. Հարությունյան – Ամենահաջողված նախագծերից մեկը «Ազադ ֆարմասյութիքըլ ինգրեդիենթս AG»-ի հետ իրականացվող նախագիծն է: Այն Հայաստանի համար որակապես նոր նախագիծ է:
Մենք նաև համագործակցել ենք France Telecom ընկերության հետ (Հայաստանում՝ Orange Armenia), տեղեկատվություն ենք տրամադրել Հայաստանի կապի շուկայի, բջջային կապի բաժանորդների և օգտատերերի հնարավոր և հասանելի քանակի մասին: Գործակալությունը չի իրականացրել աշխատանքների ողջ ծավալը, սակայն մենք մեր ներդրումն ենք կատարել հայկական շուկայում France Telecom-ի մուտքի գործում:
Ուշադրության է արժանի նաև «Carrefour» հիպերմարկետի հետ կապված նախագիծը, որին մենք տեղեկատվություն ենք տրամադրել Հայաստանի, երկրի մանրածախ շուկայի մասին: Ինչպես հայտնի է, Yerevan Mall առևտրի կենտրոնի և Carrefour-ի միջև վարձակալման նախնական պայմանագիրը ստորագրվել է մայիսի 13-ին Երևանում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ: Սպասվում է, որ արդեն այս աշնանը երևանցիները կարող են օգտվել հիպերմարկետի ծառայություններից:
«ԱՌԿԱ» - Ո՞ր նախագծերն են առաջնահերթ ԶՀԳ-ի համար, ի՞նչ չափանիշներով է կատարվում դրանց ընտրությունը:
Ռ. Հարությունյան – Հաշվի առնելով այն, որ այս պահին Հայաստանում օտարերկրյա ներդրումների հետ կապված իրավիճակը բարդ է, մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր նախագծերը՝ հաշվի չառնելով դրանց մասշտաբները: Եթե նախագիծը հետաքրքիր է, մենք այն զարգացնում ենք: Եթե այն մարզական նշանակություն ունի, ապա մենք կապ ենք հաստատում ներդրողի և իշխանության տեղական մարմինների միջև:
«ԱՌԿԱ» - ԶՀԳ-ն լայնորեն ներկայացված է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և գործարար համաժողովների շրջանակում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Ռ. Հարությունյան- Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում մեր գործունեության այդ ուղղությանը, քանի որ ցուցահանդեսներին մասնակցելը հնարավորություն է տալիս օգնել հայ ձեռներեցներին գործընկերներ որոնելու, գործարար կապերի հաստատելու, բիզնեսի զարգացման հարցում, ինչն ընդհանուր առմամբ բավականին դրական է ազդում երկրի տնտեսության վրա: Այս տարվա մայիսին ԶՀԳ-ի և «Չինաստան-Եվրասիա» ցուցահանդեսի քարտուղարության միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այն ուղղված է կողմերի միջև փոխշահավետ երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բիզնես կապերի ամրապնդմանը փոխայցելությունների և խորհրդատվությունների միջոցով: Հայաստանի համար այս ցուցահանդեսը միայն հնարավորություն չէ չինացի սպառողին ներկայացնելու հայկական ապրանքները, այն նաև հնարավորություն է ընձեռում ավելի սերտ համագործակցություն հաստատել Սինցզյան գավառի հետ, որը Չինաստանի ամենամեծ և հետաքրքիր գավառն է: ԶՀԳ-ն բարձր է գնահատում ցուցահանդեսի քարտուղարության աջակցությունը չինական շուկայում հայկական ապրանքների առաջխաղացման, ինչպես նաև նոր համատեղ նախագծերի ստեղծման և Հայաստանի տնտեսություն չինական ներդրումների ներգրավման հարցում:
ԶՀԳ-ն աջակցում է նաև հայկական ընկերություններին «Պրոդէքսպո» ցուցահանդեսին մասնակցելու հարցում, որը տեղի կունենա 2015 թ.-ի փետրվարի 9-13-ը Մոսկվայում: Այն Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում կազմակերպվող սննդամթերքի խոշորագույն միջազգային ցուցահանդեսն է, որը լայն հնարավորություններ է բացում նոր գործարար կապերի հաստատման և ոլորտի նորույթներին, ինչպես նաև զարգացման միտումներին ծանոթանալու համար: Այն, որ հայկական գինիների և կոնյակի վաճառքի ծավալն աճում է, անկասկած, այս և նմանատիպ ցուցահանդեսների անցկացման անուղղակի արդյունքն է: Օրինակ՝ հենց նմանատիպ միջոցառումներին մասնակցելու շնորհիվ է, որ Հայաստանն իր սահմաններից դուրս սկսել է ներկայանալ որպես կարմիր և սպիտակ գինիներ արտադրող երկիր: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:34 19.08.2014