ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ–ում Մնացականյան–Մամեդյարով հնարավոր հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը մեկնաբանել է ԱՄՆ–ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հնարավորությունը։
«Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ մենք կողմնորոշվել ենք վայրի հարցում։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ–ն լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորման։ Շարունակում ենք հետամուտ լինել կողմերին օգնելու ձգտմանը հակամարտության խաղաղ լուծման հարցում», – հայտարարել է նա լրագրողներին նախօրեին Բաքվում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Քենթն ընդգծել է, որ ԱՄՆ–ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պարտավորությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Ուրախ ենք, որ կողմերը հանդիպել են առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածության նվազեցման հարցում», – ասել է Քենթը։–0–