Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«Ալյանս» կուսակցությունը մտադիր է մասնակցել ընտրություններին, այն պահանջներ է ներկայացրել իշխանություններին (ՎԻԴԵՈ)

15.05.2021, 22:37
«Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում.ՎԻԴԵՈ
«Ալյանս» կուսակցությունը մտադիր է մասնակցել ընտրություններին, այն պահանջներ է ներկայացրել իշխանություններին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում, այսօր կուսակցության համաժողովի ժամանակ ասաց կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

««Ալյանս» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին իր սեփական ցուցակով` առանց դաշինքի, չնայած, որ քաղաքական դաշտում շատ են մեզ համար ընդունելի գործընկերները համագործակցության համար», – ասաց նա։

Խոսելով վարչապետի պաշտոնում «Ալյանսի» թեկնածուի մասին` Ուրիխանյանը բացեց փակագծերը և նշեց, որ կուսակցությունն առաջարկել է իրեն գլխավորել կուսակցական ցուցակը։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հասարակությանը կներկայացվի կուսակցության նախընտրական ռազմավարությունն ու ամբողջական ցուցակը, այն գլխավորելու իր հավանական համաձայնությունը։

Կուսակցության երթն ու իշխանություններին ուղղված պահանջները

Համագումարից հետո կուսակցության ակտիվիստները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք և իշխանություններին փոխանցեցին իրենց պահանջները, որոնք հաստատվել էին կուսակցության համագումարի ժամանակ։

Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի կողմից հրապարակված պահանջները ներառում են 10 կետ.

1. Սթափվել

2. Չհարմարվել իրականությանը, ինչպես կոչ է անում Ադրբեջանի ԱԳՆ–ն, այլ հակազդել` բայց մտածելով և հաշվարկելով

3.Անհապաղ նախաձեռնել բանակցություններ նոր ձևաչափով դաշնակից Ռուսաստանի հետ Սյունիքում տիրող իրավիճակի, Արցախի հարցի և Հայաստանի անվտանգության հայեցակարգի շուրջ

4. Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների հրատապ վերադարձ

5. Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում

6. Վարկային տոկոսադրույքների չեղարկում ռազմական դրության ժամանակահատվածի համար

7.Պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրում

8. Կենսաթոշակների բարձրացում`պարտադիր կուտակային բաղադրիչի չեղարկման հաշվին

9. Բացառապես օրինական, կատարյալ և թափանցիկ ընտրական գործընթացի ապահովում

10. Ընդունել, որ նշված բոլոր կետերը չեն կարող իրականացվել, քանի որ իշխանությունն ունակ չէ և մինչև ընտրությունները` մեկ ամսվա ընթացքում, նրանք կանեն առավելագույն հնարավորը, ինչից հետո ժողովրդի կամքով կզիջեն իշխանությունը հմուտ և իսկապես ընտրված քաղաքական ուժին։

Համագումարի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության գլխավոր մուտքը, որը շղթայված էր ոստիկանության կողմից։ Իշխանությանն ուղղված պահանջների տեքստը գրավոր տարբերակով փոխանցվեց կառավարության ներկայացուցչին։

Ադրբեջանի սադրանքների մասին

Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց խոսակցությունները սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սյունիքում Ադրբեջանի գործողությունների միջև կապի մասին։

Ուրիխանյանին հարց տրվեց այն մասին, թե, արդյոք, նա կապու՞մ է սահմանին տեղի ունեցող իրադարձությունները ներքաղաքական զարգացումների հետ. ոմանք պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են սպասվող ընտրություններով և կարող են հիմք դառնալ դրանց չեղարկման համար։

«Այսինքն, ադրբեջանցիներն ընտրությունների կապակցությամբ մտե՞լ են մեր տարածք։ Ես անգամ սարսափելի երազում չեմ ուզում պատկերացնել, որ կարող է կապ լինել մեր ներքին որոշումների և ադրբեջանցիների գործողությունների միջև։ Ընտրությունները նշանակվել են բացառապես հայտնի հրաժարականի (Փաշինյանի), Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հայտնի քվեարկությունների արդյունքում», – ասաց նա։

Ուրիխանյանը նշեց, որ եթե սահմանին սկսվի բախում և էսկալացիա, անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ ընթացքում կազմակերպել ընտրություններ։

Նշենք, որ օրերս «Ալյանս» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հայերի միության հետ` Արա Աբրահամյանի գլխավորությամբ։–0–