Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատեց պետական նախարարի պաշտոնից, նշանակվել է նոր պետնախարար

31.08.2023, 14:09
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր իր հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից
Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատեց պետական նախարարի պաշտոնից, նշանակվել է նոր պետնախարար
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր իր հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից:

«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը», - գրել է Հարությունյանը Facebook-յան իր էջում:

Արցախի նախագահը նաև հայտարարել է, որ վաղը հրաժարականի դիմում կներկայացնի Արցախի նախագահի պաշտոնից:

Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետական նախարար է նշանակվել 2023 թվականի փետրվարի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբեն Վարդանյանին։

Սամվել Շահրամանյանը ծնվել է 1978 թվականին Ստեփանակերտում։ 1999 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական բաժինը։

1999 թվականից մինչև 2014 թ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, հարկային պետական ծառայությունում, ոստիկանությունում՝ որպես ԼՂՀ Արդարադատության նախաարության գլխավոր հարկադիր կատարող։

2014-2018 թվականներին ղեկավարել է Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։ 2018-2020 թթ եղել է Արցախի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև ռազմահայրենասիրական կրթության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

2021-2023 թթ աշխատել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախագահի գլխավոր խորհրդական։ 2023 թվականի հունվարի 16-ից Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն է։

Ունի գեներալ-մայորի կոչում։ Անկուսակցական. Ամուսնացած է, ունի երեք երեխա։ -0-