Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում. Արցախի ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։
Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Անձամբ երեկ եմ, կապ հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց տեղահանվելու հետ կապված որևէ տեղեկություններ չկան։ Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին, հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,- նշել է նա։
Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչները սոցիալական տեսանկյունից օգտվում են այն նույն արտոնություններից, որոնք սահմանված են տեղահանվածների համար։
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է՝ եթե ի վերջո ճանապարհի փոփոխություն տեղի ունենա, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։
Քաշաթաղի բնակիչների համար Հայաստանում բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ են տրամադրված», -նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հունիսի 30–ին Բերձորի և Աղավնոյի հետ կապված իրավիճակին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ «մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորա 1,5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնեն»։
Ավելի վաղ ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին, որ վերջիներս մտադիր են այդ բնակավայրերը հանձնել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27–ին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին, իսկ Բերձորի բնակիչները կապահովվեն բնակավարաններով։
«Աղավնոյի բնակիչների խնդիրները կլուծվեն ԼՂՀ իշխանությունների կողմից», – ասաց Փաշինյանը։–0–