Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ՀՀ զինված ուժերին՝ գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով

23.07.2024, 12:15
Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն էլ ավելի շատ կբարձրացնեն Հայաստանի կայունությունը
ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ՀՀ զինված ուժերին՝ գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երկուշաբթի կայացած նիստում ԵՄ խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանում գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից։

 «Աջակցությունն ուղղված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ հնարավորությունների բարձրացմանը և ճգնաժամային, արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Այն նաև ուղղված է բարձրացնելու Հայաստանի դիմադրողականությունը և ԶՈՒ փոխգործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին մասնակցելու դեպքում, այդ թվում՝ այն առաքելություններին, որոնք տեղակայված են ԵՄ–ում»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն էլ ավելի շատ կբարձրացնեն Հայաստանի կայունությունը։

 «Անվտանգությունը գնալով ավելի կարևոր տարր է դառնում  Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Ունենք փոխադարձ հետաքրքրություն արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հարցում»,- նշել է Բորելը:

Աջակցությունը տրամադրվելու է Հայաստանի հետ ԵՄ Գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է խթանելու խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հայաստանում և Հարավային Կովկասում։

ԵՄ խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ է Հայաստանի հետ համակողմանի քաղաքական և տնտեսական գործընկերությունն՝ ակտիվացնելով Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շուրջ երկխոսությունը (CSDP):