ՀՀ–ի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին ․Փաշինյան
![ՀՀ–ի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին ․Փաշինյան ՀՀ–ի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին ․Փաշինյան](/upload/medialibrary/e71/5ksby242t7q2h3bd01kxaygp3xhrr6gm.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք:
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ:
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել:
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
«Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում», – նշել է Փաշինյանը։