ՀՀ իշխանությունները պետք է պաշտոնապես իրազեկեն ՌԴ–ին, որ Ղարաբաղի տարածքում պատերազմում են սիրիացի գրոհայիններ. Կոսաչյով

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը պարզաբանել է, թե երբ Ռուսաստանը կկարողանա միջամտել ղարաբաղյան հակամարտության մեջ։
Սենատորի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնապես իրազեկեն ՌԴ իշխանություններին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմում են սիրիացի գրոհայիններ, և այդ դեպքում Ռուսաստանը կարող է հայտարարել Անդրկովկասի այդ տարածաշրջանում հակաահաբեկչական օպերացիա սկսելու մասին։
Կոսաչյովը հայտարարել է, որ անհրաժեշտ է «գնահատել այդ տեղեկատվության իսկությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք առաջանում են այդ ամենի կապակցությամբ»։
«Բնականաբար, Երևանը պետք է մեզ ուղղի պաշտոնական դիմում, այլ ոչ թե եզրակացություններ այն մասին, որ Ռուսաստանն ունի հիմքեր», – մեջբերում է քաղաքական գործչին ՌԻԱ Նովոստին։
Կոսայչովն ընդգծել է, որ հիմա վաղաժամ է կանխատեսումներ անել։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում մասնակցող սիրիական ահաբեկչական խմբավորումներն անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Նրա խոսքով, այդ պատճառով ՌԴ–ն «ունի լեգիտիմ իրավունք և հիմքեր արձագանքել այս իրավիճակին»։
«Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը», – նշել է Փաշինյանը։–0–