Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը (ՎԻԴԵՈ)

04.05.2022, 13:40
Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով. ՎԻԴԵՈ
Միրզոյանը հանդիպել է Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Այս մասին նշվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ։ 

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ 

Ժողովրդավարական հետագա բարեփոխումներ և փոխադարձ բարեկեցության խթանում

Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում, որոնք կարտացոլեն ընդհանուր արժեքները և կապահովեն ավելի արդյունավետ կառավարում և բարեկեցություն: 

Պատվիրակությունները համապարփակ երկխոսություն են ունեցել Հայաստանի դրական ժողովրդավարական ուղուն սատարելուն ուղղված ԱՄՆ աջակցության շուրջ։ Այն ներառում է մարդու իրավունքների, մեդիագրագիտության, սոցիալական պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների և Ոստիկանության նոր պարեկային ծառայության աջակցության ծրագրեր: Պատվիրակությունները քննարկել են նաև դատական իշխանության անաչառության և խոսքի ազատության ամրապնդմանն առնչվող հարցեր։ 

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտուրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:

Անվտանգություն, խաղաղություն և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում

Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են սահմանային անվտանգությանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերությանը` աղետների կառավարման, պաշտպանական բարեփոխումների, բժշկական աջակցության և խաղաղապահության միջոցով: Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Շոշափելի արդյունքների հասնելու ձգտում

Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և այլոց հետ։ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը կծառայի որպես մեխանիզմ, որի միջոցով երկու կառավարությունները կարող են ավելի ամուր կապեր հաստատել միջուկային ոլորտի փորձագետների, արդյունաբերության և հետազոտողների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների երկու համատեղ գործողությունների ծրագիր։–0–