Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՌԴՊՆ. ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը

11.01.2022, 17:37
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից և կզբաղեցնի 10 օրից ոչ ավել
ՌԴՊՆ. ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից և կզբաղեցնի 10 օրից ոչ ավել։

«Հավաքական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրները կկատարեն մինչև Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի ղեկավարության որոշմամբ», – ասել է Շոյգուն երեքշաբթի խորհրդակցության ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նախարարի խոսքով, «հիմա ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալական կարևոր նշանակության օբյեկտների պահպանման խնդիր»։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` կազմակերպության խաղաղապահ ուժերը հունվարի 9–ին ավարտել են տեղակայումը Ղազախստանի տարածքում։

«Կարճ ժամկետում` ընդամենը 3 օրում, Ռուսաստանի ռազմական–տիեզերական ուժերի ինքնաթիռներով տեղափոխվել է անձնակազմն ու տեխնիկան։ Դա հնարավոր է դարձել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի օպերատիվ գործողությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների, Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի տեղակայման ընթացքում ստացված փորձի արդյունքում», – նշել է Շոյգուն։–0–