Ռուսաստանը նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ ՄԽ–ում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանւը փոխել է ղարաբադյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին։
Այս մասին նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։
Մասնավորապես, հայտարարության մեջ Իգոր Պոպովի փոխարեն որպես ռուս համանախագահ է նշված Իգոր Խովաևը, ով մինչև 2020թ.–ի սեպտեմբերի 21–ը զբաղեցրել է Ֆիլիպիններում և համատեղության կարգով Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում և Պալաուի Հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնը։
Ռուսական կողմից համանախագահի փոփոխության մասին պաշտոնական հայտարարություն չկա։
Իգոր Պոպովը զբաղեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը 2010թ.–ի ամռանից։
Իգոր Խովաևը ծնվել է 1962թ.–ի հունվարի 18–ին։ 1988թ.–ին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ֆակուլտետը և նույն տարում անցել է դիվանագիտական ծառայության։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի և վիետնամերենի։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանորդի առաջին կարգի դիվանագիտական աստիճան, որը շնորհվել է 2017թ.–ի փետրվարին։
1988–2004թթ.–ին զբաղեցրել է տարբեր պաշտոններում արտերկրում ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատում։ 2004–2005թթ.–ին զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ Արտաքին–քաղաքական պլանավորման դեպարտամենտի հայրենակիցների հետ աշխատանքի վարչության բաժնի պետի պաշտոնը, 2005–2010թթ.–ին եղել է Վիետնամում ՌԴ դեսպանատան խորհդական–դեսպանորդը։ 2010–2015թթ.–ին զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
2015թ.–ի մարտի 2–ից մինչև 2020թ.–ի սեպտեմբերի 21–ը զբաղեցրել է Ֆիլիպինների Հանրապետությունում և համատեղության կարգով Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Նույն թվականի մայիսի 5–ից համատեղության կարգով զբաղեցրել է Մարշալյան Կղզիներ Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։–0–