Արմեն Աշոտյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին` միաժամանակ լինելով ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում` միաժամանակ լինելով ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։
Նախօրեին` նոյեմբերի 11–ին, ՀՀԿ–ն կազմակերպել էր գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»,– գրել է Աշոտյանը Facebook–յան իր էջում` միաժամանակ հայտնելով, որ լինելու է նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։
Նա վստահություն է հայտնել, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իր գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին։
«Այս տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ և ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։ Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար։ Հարգանքով՝ Արմեն Աշոտյան», – նշել է Արմեն Աշոտյանը։–0–