Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայկական առաքելությունը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի»

14.02.2019, 10:58
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ։
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայկական առաքելությունը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի»

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության վերաբերյալ։ 

ՀՀ ՊՆ–ն տեղեկացրել է, որ հայ մասնագետների` 83 մասնագետից բաղկացած խումբը մարդասիրական առաքելությամբ փետրվարի 8–ին մեկնել է Սիրիա։ Հայկական առաքելության գործառույթներից է հումանիտար ականազերծումը, բնակչության հակաականային իրազեկումը, Հալեպում բուժօգնության ցուցաբերումը բացառապես մարտական գործողություններից դուրս գտնվող գոտում։

Փետրվարի 13–ին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը aysor.am–ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումը Հայաստանից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու կապակցությամբ։ «Մենք չենք աջակցում որևէ տեսակի փոխգործակցությունը սիրիական զինված ուժերի հետ` լինի դա քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով կամ ռազմական բնույթի», – նշվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով», – նշվում է Նաղդալյանի հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին:

«Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին», – նշվում է Նաղդալյանի հայտարարության մեջ։ 

Նրա խոսքով, հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:

«Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը», – նշվում է Նաղդալյանի հայտարարության մեջ։–0–