ՀՀ նախագահն ու ՄԽ համանախագահները քննարկել են Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է նախագահի մամուլի ծառաությունը։
Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։
Հանդիպման մասնակիցները կարևորել են խաղաղ կարգավորմանն ուղղված պարտավորությունների իրականացումը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-