ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը մաղթել է նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին», – նշվում է շնորհավորական ուղերձում։
Սարգսյանը նշել է, որ Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը:
«Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը», – նշվում է ուղերձում։
Սարգսյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
«Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից», – նշվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն առաջատարի դիրքում է նախագահական ընտրությունների արդյունքներով` հավաքելով ձայների 76,65%–ը քվեաթերթիկների 99%–ի մշակման արդյունքում։ Այսպիսով, Պուտինը ստացել է 3,5 անգամ ավել, քան նրա բոլոր մրցակիցները միասին (22,28%)։–0–