Рейтинг@Mail.ru
USD
367.79
EUR
421.01
RUB
4.7586
GEL
139.29
2026 թ. հուլիսի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Հայաստան» դաշինքը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատները՝ որպես իշխանությանը հակազդելու գործիք

Այսօր, 11:53
Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ
«Հայաստան» դաշինքը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատները՝ որպես իշխանությանը հակազդելու գործիք

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/ԱՌԿԱ/. Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։

«Մենք վերահաստատում ենք մեր գնահատականը. ՍԴ որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Վերարտադրված վարչախումբը զուրկ է լեգիտիմությունից», - նշված է դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը նշում է, որ իրենք վիճարկում են իշխանության ներկայացվածությունը Ազգային ժողովում և կառավարություն ձևավորելու նրա իրավունքը, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները։

«Ավելի քան 550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվեն, որը տրվել է հանուն պետության փրկության, մեզ համար խիստ պարտավորեցնող է։ Հարկ է հստակ արձանագրել նաև, որ իշխող վարչախմբին վերագրված քվեի օրինականության վիճարկումը Սահմանադրական դատարանում միտված էր այս իրողության փաստագրմանը., - ասված է հայտարարությունում։

Ինչպես նախապես հայտարարվել է, մանդատներ ստանձնելու հարցում «Հայաստան» դաշինքն առաջնորդվել և առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով և պայքարը շարունակելու տրամաբանությամբ՝ հանրային և մասնագիտական շրջանակների հետ նախապես քննարկելով հավանական բոլոր սցենարներն ու ռիսկերը։

«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ», - ընդգծվում է այտարրության մեջ։

Դաշինքը հայտարարել է , որ Ազգային ժողովում իրենց բոլոր քայլերը բխելու են ՍԴ դիմած ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից․

1․ Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Խորհրդարանական ողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով Մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։

2․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. ԱԺ ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու և ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։

3․ Քաղբանտարկյալների և ռազմագերիների իրավունքների պաշտպանություն. Հայաստանում և միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում՝ քաղաքական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։

4․ Գործող վարչախմբի հեռացում. Սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է։ Խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը և նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։

«Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ պայքարի նոր, ավելի համակարգված փուլի սկիզբ։ Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը», - նշված է հայտարարության մեջ։

Սահմանադրական դատարանի որոշումը, որը հրապարակվել է ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումի քննության արդյունքներով, հուլիսի 4-ին ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Դիմումները ներկայացվել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ), «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների կողմից։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության համաձայն՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր: