ՀՀ վարչապետը նշել է իր հրաժարականի ամսաթիվն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այս մասին նա հայտարարել է France24 ֆրանսիական հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, Twitter–ի իր միկրոբլոգում հաղորդում է հեռուստաալիքի խմբագիր Մարկ Պերելմանը։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 10–ին։ Ես հրաժարական կտամ հոկտեմբերի 15–ին», – ասել է ՀՀ վարչապետը։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Հոկտեմբերի 9–ին ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ չընդունելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:–0–