Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ վարչապետը քվեարկեց Ավագանու ընտրություններում

14.05.2017, 11:19
Թիվ 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀ վարչապետը քվեարկեց Ավագանու ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Թիվ 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետը քվեարկության էր եկել կնոջ ուղեկցությամբ։

Կատարելով իր քաղաքացիական պարտքը` ՀՀ վարչապետը գնահատեց ընտրություններն ու ներկայացրեց հետագա պլանները։ «Տարեց տարի ընտրությունները Հայաստանում անցկացվում են ավելի արդար և թափանցիկ», – հայտարարեց Կարապետյանը։ 

Նա մեկնաբանեց ընտրակաշառքներ բաժանելու և այլ ընտրախախտումների մասին «Ելք» դաշինքի հայտարարությունը` նշելով, որ ցանկացած ընտրությունների ժամանակ լինում են խախտումներ։ Միաժամանակ Կարապետյանը կոչ արեց չանել եզրակացություններ` հիմնվելով առանձին փաստերի վրա։

«Չէ՞ որ ցանկանում ենք օրենքի երկիր դառնալ։ Եկեք սպասենք իրավապահ մարմինների եզրակացությանը», – առաջարկեց Կարապետյանը։ 

Կարապետյանը անդրադարձավ նաև 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնում մնալ ֊չմնալու հարցին. «Կապրենք, 18-ին կտեսնենք, – նշեց վարչապետը։

Ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկվել է 842 147 մարդ: Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու խորհրդի այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–