Հայաստանում պաշտոնանկությունների երկրորդ փուլն է սպասվում. մարզպետերին կանչել են նախագահական

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս շաբաթ սկսվելու է պաշտոնանկությունների երկրորդ փուլը:
«Հայկական ժամանակի» հաղորդմամբ, բոլոր մարզպետերը վաղը հրավիրվել են նախագահական նստավայր:
Խոսակցության թեման, ըստ թերթի աղբյուրների, մարզպետերից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու:
Պարբերականը հիշեցնում է, որ այս ընթացքում քաղաքական շրջանակներում խոսվել է մի շարք մարզպետերի պաշտոնանկության մասին:
«Շրջանառվում են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունները», – նշում են հոդվածի հեղինակները։
Այս պահին, թերևս, միանշանակ է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը: Նրան, ըստ ՀՀԿ-ական շրջանակներում տարածված տեղեկությունների, փոխարինելու է գյուղատնտեսության այլևս նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, գրում է թերթը։ –0–