Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Կարապետյանը կոչ է արել Փաշինյանին չմոնոպոլիզացնել քաղաքական դաշտը

27.04.2018, 20:30
ՀՀ վաչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կոչ է արել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չմոնոպոլիզացնել քաղաքական դաշտը։
Կարապետյանը կոչ է արել Փաշինյանին չմոնոպոլիզացնել քաղաքական դաշտը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վաչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կոչ է արել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չմոնոպոլիզացնել քաղաքական դաշտը։

Այս մասին Կարապետյանը հայտարարել է «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախօրեին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ «կամ նա կդառնա վարչապետ կամ ոչ ոք»։ Ավելի ուշ նա նշել է, որ եթե դա չդառնա վարչապետ, ապա ճգնաժամը կխորանա։

«Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի»,– ասել է Կարապետյանը։

«Ես իրականում շատ խորը հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում և որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը», – նշել է Կարեն Կարապետյանն ու հիշեցրել, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի:

«Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական, արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը», – նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու, ընդունում ենք գաղափարը։ 

«Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից՝ կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ», – ասել է Կարապետյանը։

«Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել», – ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը։

«Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է», – ասել է Կարապետյանը։

«Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել: Այդ իսկ պատճառով իմ պատասխանն այդպիսինն է», – ընդգծել է Կարեն Կարապետյանը։–0–