Կարեն Կարապետյան. փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ, ինչի հիման վրա էլ կմշակվեն երկարաժամկետ հատվածում դրանց լուծման քայլերն ու գործողությունները։
Վարչապետի խոսքով՝ կառավարության կարճաժամկետ ծրագրում հստակ սահմանվել են այն միջոցառումները, որոնք կարող են արագ արդյունք ապահովել: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ դրանք միտված են լինելու բիզնեսի համար արդար և թափանցիկ դաշտի ապահովմանը, տարբեր ոլորտներում և ուղղություններով քաղաքացու՝ արդարության պահանջի բավարարմանը:
«Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում:
Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել և առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաև կոռուպցիայի դեմ պայքարին:
Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի նվազեցմանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:
Համազեկուցողները կարևորել են նշված ուղղություններով կառավարության հետևողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրին՝ բարեփոխումների իրականացման գործում և հաջողություններ մաղթել ժողովրդավարության զարգացման ճանապարհին առաջ գնալու համար:
Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու և նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:–0–