Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Խաչատուրովի հետկանչի հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. ՀՀ ԱԳՆ

18.10.2018, 15:17
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում:
Խաչատուրովի հետկանչի հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է ապրիլի 14–ին, իսկ լիազորությունները ստանձնել է մայիսի 2–ին` երկու տարի ժամկետով։ Հայաստանը նախաձեռնել է Խաչատուրովի հետկանչը և նրան մեկ այլ թեկնածույով փոխարինելու գործընթացը։

«Մենք շարունակում ենք խորհրդատվությունները (Խաչատուրովի հետկանչի հարցի վերաբերյալ), մենք պետք է դիտարկենք այդ հարցն ավելի լայն համատեքստում, քանի որ նման իրավիճկներ կարող են հայտնվել ապագայում ամենատարբեր պատճառներով և կազմակերպության օրակարգը պետք է պատրաստ լինի նման իրավիճակներին», – ասաց Մնացականյանը։

Պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին բերման ենթարկելու անհրաժեշտության հարցին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա բացարձակապես ներքին հարց է, որը կապված չէ ՀԱՊԿ գործունեության հետ։

«Դա խիստ ներքաղաքական հարց է, և մենք, առաջին հերթին, այնպես ենք արել, որպեսզի մեր ներքաղաքական խնդիրները չազդեն կազմակերպության գործունեության վրա։ ՀԱՊԿ հեղինակությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, ինչպես այդ կազմակերպության անդամ այլ պետությունների համար», – ասաց Մնացականյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում։ -0-