Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը, նշվում է Քոչարյանի փաստաբանների կողմից տարածված հայտարարության մեջ։
«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ՝ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք»,– նշվում է հայտարարության մեջ։
Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը)։
Հեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:40 11.01.2019